Նրանք չեն մոռանա հայրերի խրատներն ու խոսքերը
Երբեք չեմ մոռանա հայրիկս խոսքերը, խրատները: Միշտ ասում էր՝ սիրեք փոքրերին, հարգեք մեծերին,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Արամ Առուշանյանի դուստրը՝ Վարդուհի Առուշանյանը: Նա իր քույրիկի, երկու եղբոր հետ Երևանի «Երազ» պուրակում էր, մասնակցում էին Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:
4 անչափահաս երեխաների հայր 44-ամյա փոխգնդապետը զոհվել է ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում:
7-րդ դասարանցի Վարդուհու խոսքով, հայրը չէր սիրում խոսել իր աշխատանքից, չէր պատմում զինվորների մասին. «Երբեք չէր պարծենում մեզ մոտ: Երբեմն մայրիկս բողոքում էր, հայրիկս ասում էր՝ միանգամից 60 զինվոր եմ դաստիարակում, իսկ դու չորսին չես կարողանում»:
Վարդուհու եղբայրը սովորում է 6-րդ դասարանում. «Մեծանամ զինվոր եմ դառնալու, պաշտպանելու եմ հայրենիքս»:
Մի այլ պատմություն.
Պատմում է 5-րդ դասարանցի Հարութ Մելքումյանը. «Հայրիկս դիրքերում չի եղել այդ օրը: Զանգել և ասել են, որ դիվերսիա է: Ինքն ու իր չորս ընկերը չեն իմացել, որ դիրքը գրավված է ու գնացել են: Ճանապարհին շտապօգնության մեքենայի են հանդիպել, սրանք ասել են՝ դիրքը գրավված է, մի գնացեք, չեն հավատացել և շարունակել են ճանապարհը»:
Մայոր Սուրեն Մելքումյանի (1979-2016 թթ., Հադրութի շրջան, գ. Տումի) չորս որդիներն արդեն երկու ամիս է միայն նկարով են տեսնում իրենց հայրիկին: Սուրեն Մելքումյանը զոհվել է ապրիլի 2-ին Ջաբրաիլում:
14-ամյա Գրիգորի Մելքումյանը շարունակում է եղբորը. «Երկու ժամ կռվելուց հետո զոհվել են: Հայրիկիս դիակը մեզ են հանձնել ապրիլի 10-ին»:
Հարակից հրապարակումներ`
- «Ասաց ու գնաց». պատմում է զոհված սյունեցի կամավորականի կինը
- «Ղարիբս զանգեց, թե՝ մամա, ապերին ասա, թող զգույշ լինի». հիշում է զոհված զինծառայողի մայրը
- Երբ «Երազ» պուրակն էլ չի կարող իրականացնել այս երեխաների երազանքները
- Թուրքն ով է, որ վախենաս՝ մտի տուն, դուռը փակի. Կնոջն ասել էր Արամ Առուշանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով