ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ համաժողովում խոսել է ադրբեջանցիների ոճրագործության, խաղաղ հայ բնակիչներին գլխատելու մասին
Հայաստանը ԵԱՀԿ շրջանակներում առաջինն էր, որ դատապարտել է «Իսլամական պետության» և «Ալ-Նուսրայի» կողմից Իրաքում եզդիների և Դեյր-Զորում ու Քեսաբում հայերի դեմ իրականացված ոճրագործությունները: Այդ մասին Բեռլինում ԵԱՀԿ գերմանական նախագահության շրջանակներում կազմակերպված «Բռնի ծայրահեղականության և արմատականության կանխարգելում և հակազդում» խորագրով հակաահաբեկչական համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:
ՀՀ ԱԳ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ փոխնախարարն ասել է, թե անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների կանխարգելմանը, քանի որ դրանք բռնի ծայրահեղականությունն անմիջականորեն կապում են ահաբեկչության հետ:
Ըստ փոխնախարար Հովակիմյանի՝ առկա հակամարտությունները պարարտ հող են ստեղծում բռնի ծայրահեղականության համար, հատկապես այն պարագայում, երբ պետական իշխանություններն այդ հակամարտությունները օգտագործում են մարդու իրավունքները սահմանափակելու և հակամարտության կողմերի նկատմամբ ատելություն սերմանելու նպատակով:
Աղբյուրի փոխանցմամբ, ԱԳ փոխնախարարը ընդգծել է, որ, ցավոք, մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները միայն հաստատում են հայկական կողմի մտահոգությունը, երբ Ադրբեջանի զինված ուժերը, կրկնօրինակելով Սաֆարովի և «ԴԱԻՇ»-ի գործելաոճը, գլխատում և խոշտանգում էին ոչ միայն զինվորականներին, այլև` խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ նաև ծերերին և կանանց։
«Այդ ոճրագործություններն իրականացնողները ոչ միայն չդատապարտվեցին, այլև պարգևատրվեցին Ադրբեջանի նախագահի կողմից», -ասել է նա:
Ամփոփելով իր ելույթը` փոխնախարար Հովակիմյանը շեշտել է, որ պետությունների՝ բռնի ծայրահեղականությունը և ահաբեկչությունը իրենց նպատակներին ծառայեցնելու ցանկացած փորձ պետք է խստագույնս դատապարտվի։
Ըստ աղբյուրի, միջոցառմանը ներկա են եղել ԵԱՀԿ մասնակից և գործընկեր երկրների բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ: Բացման խոսքով հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը։