ՄԻԵԴ-ը հրապարակել է «Յունուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Յունուսովան և Յունուսովն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։
Դատարանը միաձայն որոշել է, որ Յունուսների գործով եղել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ և 3-րդ հոդվածների խախտումներ՝ անհատական գանգատների իրավունք և խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելում։
Ինչպես նշվում է վճռում, գործը վերաբերում էր հայտնի ադրբեջանցի իրավապաշտպաններ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ Լեյլա և Արիֆ Յունուսներին, որոնց կալանքի ժամանակ նրանց տրված բուժօգնությունը չի եղել համարժեք։
ՄԻԵԴ-ում գործի վարույթի ընթացքում որպես միջանկյալ միջոցառում դատարանի կողմից բավարարվել էր Լեյլա և Արիֆ Յունուսների խնդրանքը՝ բանտում ապահովել համապատասխան բժշկական խնամք։
Դատարանը, սակայն, գտել է,որ միջանկյալ միջոցառման հետ կապված Ադրբեջանի կառավարությունը չի իրականացրել անհրաժեշտ քայլեր և չեն ներկայացվել բժշկական զննության ապացույցներ։ Ըստ այդմ ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Լեյլա և Արիֆ Յունուսներին չի տրամադրվել համապատասխան բուժում կալանքի ժամանակ։ Արդյունքում ամուսինները ենթարկվել է երկարատև հոգեկան և ֆիզիկական տառապանքի, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։
ՄԻԵԴ-ը որպես արդարացի բավարարում սահմանել է 13 000 եվրո՝ ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 4000 եվրո՝ երկու հայցատուների իրականացրած ծախսերի համար։
Հիշեցնենք, որ Լեյլա Յունուսը ձերբակալվել էր 2014թ․-ի հուլիսին, Արիֆ Յունուսը՝ 2014թ․-ի օգոստոսին տարբեր մեղադրանքներով, այդ թվում նաև խոշոր չափերի խարդախություն և պետական դավաճանություն։ 2015թ․-ի օգոստոսին Յունուսները դատապարտվեցին 8,5 տարվա ազատազրկման։
Այս որոշումը 2015թ․-ի դեկտեմբերին կարճվեց և ամուսիններին տրվեց 5 տարվա պայմանական ազատազրկում։ Լեյլա և Արիֆ Յունուսներն ազատ են արձակվել և այժմ գտնվում են Նիդերլանդներում, որտեղ ապրում է նրանց դուստրը։ Նշվում է, որ Յունուսները ապաստան են հայցել Նիդերլանդներից։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց