Հայաստանի և Չինաստանի միջև ազատականացվում է օդային հաղորդակցությունը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Չինաստանի հետ օդային հաղորդակցությունների մասին նոր համաձայնագրի ստորագրմանը:
Ինչպես նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, համաձայնագրի վերանայումը բխում է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի ոլորտում նոր` «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման և երկու երկրների միջև ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորման անհրաժեշտությունից:
«Գործող Համաձայնագրի նոր խմբագրությամբ նախատեսվում է վերացնել նշանակվող ավիաընկերությունների քանակի և նրանց կողմից առաջարկվող տարողության, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների, սակագների սահմանափակումները, ավելացնել ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցության ապահովման, վկայականների և լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ, վերանայվել և արդիականացվել է ավիացիոն անվտանգության վերաբերյալ հոդվածը և սահմանվել են պետությունների կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունն ապահովող դրույթներ»,- նշված է հիմնավորման մեջ: