Մանվել Բադեյանի պատգամավորական մանդատը թափուր կմնա
ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Մանվել Բադեյանի պատգամավորական մանդատը թափուր կմնա։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։
Նա, վկայակոչելով 2016 թվականի մայիսի 25-ին ընդունված ՀՀ Ընտրական օրենսգիրքը, ասաց, որ 144-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն, Ընտրական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը մնում է թափուր:
Նկատենք, որ ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքն ուժի մեջ է մտել երեկվանից՝ հունիսի 1-ից։
«Այդ հիմքով ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի մանդատը կմնա թափուր», -հավելեց Բաբայանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահի հրամանագրով Բադեյանը նշանակվել էր Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։