Իրանին ամենաշատը զենք վաճառած երկիրը Միացյալ Նահանգներն է
Իրանական «Ասիրան.քոմ» կայքը, հղում կատարելով Ստոկհոլմի խաղաղության հետազոտական ինստիտուտի հրապարակած զեկույցին՝ ներկայացրել է այն պետությունների ցանկը, որոնք վերջին տասնամյակների ընթացքում Իրանին զենք են վաճառել:
Զեկույցի համաձայն՝ վերջին 65 տարում Իրանին ամենաշատը զենք վաճառել է ԱՄՆ-ն: 1950-2015թթ. Միացյալ Նահանգներն Իրանին 24 միլիարդ 943 միլիոն դոլարի զենք է վաճառել: Զենքի մեծ մասը վաճառել է 1972-1978թթ., մինչև Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունը, որից հետո ԱՄՆ-ն դադարեցրել է Իրանին զենք մատակարարել:
Ըստ իրանական աղբյուրի՝ 1984-1986թթ. Միացյալ Նահանգները գաղտնի Իրանին 64 միլիոն դոլարի զենք է վաճառել:
Միացյալ Նահանգներից հետո Իրանին զենք մատակարարած երկրորդ երկիրը (երկրները) Խորհրդային Միությունն ու նրա իրավահաջորդ Ռուսաստանն են, որոնք Իրանին 6 միլիարդ 715 միլիոն դոլարի զենք են վաճառել:
Չինաստանը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, որն Իրանին նշված ժամանակահատվածում 4 միլիարդ 259 միլիոն դոլարի զենք է վաճառել:
1970թ. Մեծ Բրիտանիան Միացյալ Նահանգներից հետո երկրորդ երկիրն էր, որն Իրանին զենք էր վաճառում, սակայն 1978-79թթ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո Մեծ Բրիտանիան զգալիորեն նվազեցրեց զենքի վաճառքի ծավալները` (3 միլիարդ 744 միլիոն դոլար) զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:
Հյուսիսային Կորեան զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Այդ երկիրն Իրանին զենք է վաճառել հիմնականում իսլամական հեղափոխությունից հետո, որը կազմել է 1 միլիարդ 527 միլիոն դոլար:
Վերջին 65 տարում Իրանին զենք վաճառած երկրների շարքում Իտալիան զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ 1 միլարդ 344 միլիոն դոլար արդյունքով:
Այսպիսով Իրանը 1950-2015թթ. զենք ձեռք բերելու նպատակով տարեկան միջինը ծախսել է 710 միլիոն դոլար:
Հեղինակ Արմեն Իսրայելյան