Փաշինյանը ԱԳՆ-ից ապացույցներ է պահանջում
Մեզ պետք է ներկայացնել ապացույցներ, որ Հայաստանի Հանրապետությունը բավարար ջանքեր է գործադրում ԼՂՀ ներգրավվածությունը բանակցային գործընթացում ապահովելու համար,-այսօր ԱԺ արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե կարծում է, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրատապության կարգով պետք է հրավիրի ՀՀ ԱԳ որևէ ներկայացուցչի, որպեսզի վերջինը ապացույցներ ներկայացնի ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելուն ուղղված գործադրված ջանքերին:
Փաշինյանի համար այդ առաջարկն անելու անհրաժեշտությունն ունի պատճառներ, և դա մայիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Ալեքսեյ Պավլովսկու հայտարարությունն է, որի համաձայն, կողմերից որևէ մեկը պաշտոնապես ԼՂՀ ներգրավվածության վերաբերյալ առաջարկություն առաջ չի քաշել:
«Սա ուղղակի հակասության մեջ է բոլոր այն հայտարարությունների հետ, որոնք ԱԳ ներկայացուցիչները և փակ, և բաց հանդիպումներում արել ենք: Ժամանակն է՝ ունենանք ապացույցներ», -հավելեց Փաշինյանը:
Նրան արձագանքեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը և ասաց, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում Հայաստանի դիրքորոշումն է եղել Արցախը բանակցային կողմ դարձնելու համար:
«Առանց ԼՂՀ իշխանությունների լիարժեք մասնակցության, պարզապես անհնար է հասնել խնդրի որևէ կարգավորման: Բազմիցս այդ մասին ասվել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այսօր էլ անուղղակիորեն ներգրավված լինելով բանակցային գործընթացին, ինչ-որ փուլում պետք է լիարժեք, համակողմանի մասնակցություն ունենա», -հավելեց Ֆարմանյանը:
Հանձնաժողովի նիստում ներկա պատգամավորներից մի քանիսն ասացին, որ արտգործնախարար Նալբանդյանը Հայաստանում չէ և չի կարող այժմ ներկայանալ հանձնաժողով ու բացատրություններ տալ: Բայց Փաշինյանը պնդեց, որ կարող է ԱԳ մեկ այլ ներկայացուցիչ գալ հանձնաժողով ու առաջարկեց «հենց հիմա հանձնաժողով կանչելու» մասին հարցը դնել քվեարկության:
Հանձնաժողովի նիստը վարող ԱԺ Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը տեղին համարեց Փաշինյանի առաջարկությունը, այնուհետև տեղեկացրեց. «Արդեն իսկ Հայաստանի արտգործնախարարի հետ կա պայմանավորվածություն և մոտ օրերս ունենալու ենք փակ հանդիպում ոչ միայն Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետ կապված, այլ նաև մի շարք խնդիրների հետ կապված, որոնք մեր հանձնաժողովի անդամները կարևորել են շատ քննարկումներում: Մոտ օրերս մենք կունենանք հանդիպում ոչ միայն արտգործնախարարի, այլ նաև ԱԳՆ ներկայացուցիչների հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան