«Ա. Հարությունյանի ղեկավարած գերատեսչությունը մետաղական հանքերի շահագործման թույլտվություն տալու լիազորություն չի ունեցել».պարզաբանում
Մամուլում օրերս արծածվել է հատուկ քննչական ծառայության՝ 2015թ. օգոստոսից գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդման մասին քննության թեման։ Սիլվա Համբարձումյանը հայտնել էր, թե 2008թ. 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն. դոլար կաշառք է տվել բնապահպանության նախարար Հարությունյանին։
Panorama.am-ը իր Մամուլ բաժնում վերտպել էր «Հրապարակի» նյութը, որով այն նաև հայտնում էր, որ. «Մոտ 1 տարվա քննությունից հետո այժմ նոր զարգացումներ են սպասվում, այդ թվում` ձերբակալություններ: Թերթը փորձել է տեղեկություն ստանալ Սիլվա Համբարձումյանից, սակայն նա հրաժարվել է խոսելուց, իսկ Արամ Հարությունյանի հետ կապվել չի հաջողվել»։
Այսօր Panorama.am-ը պարզաբանում ստացավ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեից, որի նախագահն է այժմ Արամ Հարությունյանը։
«Պարզաբանում
Անդրադառնալով hraparak.am կայքում 04.06.2016 հրապարակված «14 մլն դոլարի կաշառք» վերտառությամբ հոդվածին, հարկ ենք համարում նշել, որ դրանում ներկայացված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
2008 թվականին (երբ, համաձայն հրապարակման, տրամադրվել են հանքերի շահագործման լիցենզիաները) Արամ Հարությունյանի ղեկավարած գերատեսչությունը մետաղական հանքերի շահագործման թույլտվություն տալու լիազորություն չի ունեցել:
Այդ կապակցությամբ ընթացող որևէ իրավական գործողության Արամ Հարությունյանը չի մասնակցել և տեղեկացված չէ:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն»
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը