Քաղաքական ենթատեքստ չկա, այդ մարդը ուղղակի անհավասարակշիռ է. Դավիթ Բաբայան
Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու մեջ քաղաքական ենթատեքստ չկա և չի կարող լինել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նրա պնդմամբ, դեպքը անձնական բնույթ ունի: «Դժբախտաբար ես ճանաչում եմ այդ Խանումյանին և գիտեմ իր բնավորությունը, կրկնում եմ, դժբախտաբար առնչություն եմ ունեցել այդ անձնավորության հետ և գիտեմ, որ նրա բնավորությունն այնպիսին է, որ անընդհատ ինչ-որ վիրավորում է մարդկանց: Ես չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել: Չեմ ուզել այնպես մի բան, որ...իրոք տեղյակ չեմ՝ ինչ է տեղի ունեցել: Կարող եմ ուղղակի բնութագրումը տալ այդ մարդու, միգուցե դա ինչ-որ ձևով օգտակար կլինի՝ այդ մարդը անհավասարակշիռ է, պարբերաբար տարբեր մարդկանց անպատվում է: Միգուցե դա է պատճառը: Չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ այսքանը, այդ մարդը ուղղակի լինելով նման բնավորության տեր շատ է ընկել նման իրադարձությունների մեջ», -ասաց Արցախի նախագահի խոսնակը:
Այդուհանդերձ, կատարվածի հանգամանքները պետք է պարզի հետաքննությունը:
Հարցին, թե պատահականությո՞ւն էր, որ հունիսի 5-ին Խանումյանը դիմավորեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, նախաձեռնեց ստորագրահավաք՝ նրան ԼՂՀ ՊԲ նշանակելու պահանջով ու այսօր նման դեպք տեղի ունեցավ նրա հետ, Արցախի նախագահի մամուլի խոսնակը արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ինչ է եղել: Քաղաքական ենթատեքստ լինել չի կարող: Չէր կարող որևէ պետական մարդ նման քայլի դիմել, հատկապես այս շրջանում՝ իմանալով, որ դա կարող է շահարկվել: Արցախում դա ընդունված երևույթ չէ: Պետք է պարզվի: Չի բացառվում անձնական հողի վրա ինչ-որ մեկին մի բան է ասել: Բայց որևէ քաղաքական ենթատեքստ ճիշտ չէ փնտրելը»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Արցախի ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը հաղորդում էր ստացել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու մասին: Ոստիկանությունից փոխանցել էին, որ կատարվում է քննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայկ Խանումյանը ծեծի հետևանքով տեղափոխվել էր Ստեփանակերտի հիվանդանոց: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: