Գավառամտությունը տիրապետող դիրքեր է գրավել նաև հասարակական գիտության մեջ. Հայկ Դեմոյան
Գերմանական արխիվների մեծ մասը, որտեղ նաև պահվում էին Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթեր, մեծ կորուստներ են կրել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ: Փաստաթղթերի մեծ մասը ոչնչացվել են, զգալի մասը, այդ թվում նաև՝ Առաջին աշխարհամարտի վերաբերյալ, Կարմիր բանակի կողմից առգրավվել և տարվել էին Մոսկվա,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Պետք է լուրջ աշխատանք տանեք ոչ միայն Գերմանիայում, այլ նաև Մոսկվայի դեռևս փակ կամ նոր բացված արխիվներում»,- նշեց նա:
Հ.Դեմոյանը նաև ասաց, որ գերմանական պետական արխիվներից Հայաստանը չի կարող որևէ փաստաթղթի բնօրինակն ունենալ, բայց կան բազմաթիվ փաստաթղթերի պատճեներ: Ըստ նրա` ցանկացած հետազոտողի համար Ցեղասպանության թանգարանը ունի գերմանական փաստաթղթերի բավական պաշար: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ասաց, որ առանձին բաժնով լուրջ բազա կա Հոլոքոստի ուսումնասիրման համար:
Խոսելով Վատիկանի արխիվների մասին, Հ. Դեմոյանն ասաց, որ դրանք բացել են, այժմ ովքեր տիրապետում են լատիներեն և իտալերեն լեզուներին, ուսումնասիրություններ են անում: Առաջին մասը, որ բացվել և հրապարակվել է, հիմնականում վերաբերում է համիդյան կոտորածներին:
Պատասխանելով հարցին, թե որքան հայ մասնագետներ են ցանկանում ուսումնասիրել, գտնել տարբեր արխիվնեում պահպանվող Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերը, նա նշեց, որ այսօր Հայաստանում ճգնաժամային է դիտում պատմագրությունը, որովհետև «գավառամտությունը տիրապետող դիրքեր է գրավել նաև հասարակական գիտության մեջ»:
«Բանը հասել է նրան, որ Հայոց ցեղասպաությունը փաստը մեղմ ժխտող հատոր է տպվում Հայաստանում և սփյուռքում: Իսկ հիմնավորումն այն է, որ շնորհանդեսը պետք է լինի Ստամբուլում»,- ասաց Հայկ Դեմոյանը: