Պատգամավորների, օլիգարխների, նախարարների որդիներն են, որ չեն ծառայում բանակում. Զոհրաբյան
ԱԱԾ մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը սողանցքներ է նկատել:
Քննարկվող օրինագծով, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի ներկայացմամբ, ԱԱԾ-ում ծառայության անցնելու համար պահանջվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը, բայց կան բացառություններ: Ըստ պաշտոնյայի, այդ բացառությունները կարող են լինել կանայք և բուհ ավարտած այն անձինք, ովքեր բուհերում սովորելու ընթացքում զինվորական պատրաստության դասեր են անցել և հանձնել են սահմանված քննությունները:
Նախագծով նաև առաջարկվում է ԱԱԾ-ում նեղ մասնագիտական առանձին պաշտոններ համալրվեն գիտական աստիճան ունեցող և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված ու հետագայում պահեստազորում գրանցված անձնանցով:
Ըստ պատգամավոր Զոհրաբյանի, առաջարկվող փոփոխությունն այնուամենայնիվ, ռիսկային է:
«Համաձայն եմ, որ գիտնականներ, գիտության ոլորտի աշխատողներ այս ոլորտում պետք է լինեն, բայց ինչո՞ւ դա պետք է լինի բանակ չգնացողների հաշվին: Մենք բոլորս էլ գիտենք՝ ովքեր են որ չեն ծառայում բանակում: Դրանք պատգամավորների, նախարարների, օլիգարխների, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն են, ովքեր ասպիրանտուրայի քողի տակ զբաղված են սովորական դեզերտիրությամբ», -դիմելով ԱԱԾ պաշտոնյային, հայտարարեց Զոհրաբյանը:
Նա պնդեց, որ Ազգային ժողովում էլ կան պատգամավորներ, ովքեր ունեն որդիներ և որոնք բանակում ծառայության չեն մեկնել:
«Մտավախություն չունե՞ք որ ԱԱԾ-ն մենք կդարձնենք պարզապես կադրերի նշանակման բյուրո», -հետաքրքրվեց պատգամավորը:
ԱԱԾ տնօերնի տեղակալը ի պատասխան ասաց, որ կատարվող փոփոխությունը սահմանափակում չի առաջացնի զինվորական ծառայություն անցած և հետո գիտական աստիճան ստացած երիտասարդների համար:
«Մեզ մոտ կադրերի ընտրությունը մեխանիկորեն չի կատարվում: Կադրերի ընտրությունը մենք կատարում ենք խնդիրներ լուծելու համար և ոչ թե ինչ որ աշխատատեղ ապահովելու: Իսկ խնդիրները լուծելու դեպքում մեզ մոտ մանրակրկիտ աշխատանք է անցնում: Անհոգ եղեք միջնորդությամբ Ազգային անվտանգության համակարգում ընդունելություններ գրեթե չեն լինում», - հայտարարեց Արզուման Հարությունյանը:
Զոհրաբյանը պաշտոնյայի խոսքից եզրակացրեց, որ կարելի է կարծել, թե ԱԱԾ-ն «բացառիկ օազիս է, որտեղ միջնորդությամբ աշխատանքի չեն ընդունվում»:
«Այդ փորձը պետք է փոխանակել մյուս համակարգերին, որպեզի իմանան՝ ինչպես են աշխատում», -դիմելով պաշտոնյային, ասաց պատգամավորը:
«Մեծ հաճույքով, եթե դիմեն, կօգնենք», -արձագանքեց ԱԱԾ տնօրենի տեղակալը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը