Ես եկել եմ իմ ժողովրդի հետ լինելու, ինձ պաշտոն չի հետաքրքրում. Սամվել Բաբայան
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ ժամանել է Արցախ, որտեղ, ինչպես նկատեցինք «Ազատության» ուղիղ եթեր հեռարձակված տեսանյութից, բնակիչները նրան դիմավորել են ծափողջյուններով, աղ ու հացով, ծաղիկներով։
«Մեր ազգի հերոս, հայրենի հողը քեզ էր սպասում, մեր փրկությունը դու ես», -ասել են մարդիկ, մոտեցել, ողջագուրվել նրա հետ։
«Ես հայ եմ, ղարաբաղցի, որևէ Ռուսաստանի իշխանության հետ կապ չունեմ։ Եթե մարդիկ հորինում են, քաղաքական աստառներ կպցնում, դա իրենց պրոբլեմն ա։ Ես եկել եմ իմ ժողովրդի հետ լինելու, ինձ չի հետաքրքրում նախկին պաշտոն, ներկա պաշտոն», -լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Բաբայանը։
Պատասխանելով հարցին, թե ինքն իրեն պատկերացնո՞ւմ է քաղաքականության մեջ, Բաբայանն ասել է. «Ես քաղաքականության մեջ չեմ կարող լինել, որովհետև երկար ժամանակ բացակայել եմ պրոցեսներից։ Ապա, էլ ի՞նչ քաղաքական պրոցեսների մասին է խոսքը։ Բայց ես որպես հայ իրավունք չունենա՞մ ինչ-որ մի կուսակցության օգնեմ։ Գոնե, դրա իրավունք ունեմ չէ՞»։
Այնուհետև ելույթ ունենալով արցախցիների առջև, Բաբայանը շնորհակալություն է հայտնել իրեն ջերմ ընդունելու համար ու բացատրել, թե ինչու երկար ժամանակ չի եղել Արցախում.
«Չէի ցանկանում, որ ասենք մտնեի Ղարաբաղ ու դա առիթավորեն, բացատրեն, թե ես խանգարում եմ իրանց իշխանություններին, եկել եմ ինչ-որ հարցեր լուծելու։ Առաջին ու գլխավոր պատճառը դա է եղել։ Բայց վերջին իրադարձությունները տեսնելով, ես պարտավոր եմ եղել գալ ու լինել ձեր կողքին։ Որովհետև ինձ համար գլխավորը ժողովուրդն ա, ինձ հետաքրքրում եք դուք, ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ ձեր անվտանգությունն ապահոված լինի»։
Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե ինքը եկել է քաղաքականության մեջ ակտիվ գործունեություն ծավալելու համար, Բաբայանն ասել է. «Ես քաղաքական խաղերին մասնակից չեմ՝ ոչ Արցախում, ոչ Հայաստանում, ոչ էլ Ռուսաստանում ոնց որ ներկայացնում են»։
Նաև ասել է, որ իրեն վախեցնող չի եղել. «Իր մորից չի ծնվել մեկը, որ կարողանա ասի՝ աչքիդ վրա ունք կա, նման մարդ գոյություն չունի։ Ով ասում ա ձեզ, սուտ ա ասում, թող գա մեյդան։ Էդ ասեկոսները, որ փորձում են տարածել ժողովրդի, դա մոռացեք, դա չըլնող բան ա»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան