5000 ԱՄՆ դոլար՝ նորածնի համար. Երեխայի առքուվաճառք Աշտարակում
Ոստիկանության Աշտարակի բաժնում օրեր առաջ հաղորդում է ստացվել այն մասին, որ ոմն Ալլա ապրիլի սկզբներին բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը ծննդաբերել և աղջիկ երեխային բուժքրոջ միջոցով վաճառել է ոմն Քրիստինեի:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ը տեղեկանում է, որ ստացված տվյալը լիովին համընկել է ՀՀ Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի հետ՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը:
Մայիսի 28-ին որոշակի օպերատիվ հետախուզական աշխատանքից հետո Ալլան կատարվածի վերաբերյալ Աշտարակի բաժնում տալիս է բացատրություն: 57-ամյա բուժքույր Գոհարիկ Խ.-ն բերման է ենթարկվում, ուրվագծվում է երեխայի առքի ու վաճառքի ամբողջական պատկերը:
Ըստ ոստիկանության, Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ալլան արտաամուսնական կապեր է ունենում և հղիանում: Չցանկանալով ծննդաբերել դիմում է ԲԿ-ի ծննդատուն, որպեսզի ընդհատեն հղիությունը: Սակայն բժիշկները կնոջը բացատրում են, որ բավական ուշ է դիմել և արդեն մոտ չորս ամսական հղիությունն ընդհատելը վտանգավոր է: Ալլան հեռանում է ու այլևս չի դիմում ծննդատուն ու մայիսին բժիշկները նկատում են, որ կինը պետք է ծննդաբերեր, բայց նրանից ոչ մի լուր չկա: Այս մասին տեղեկանում են ոստիկանները ու զանգահարում են կնոջը: Ալլան հայտնում է, որ ծննդաբերել է ուրիշ հիվանդանոցում: Քրեական հետախույզները ճշտում են, որ նման բան չի եղել:
Իրավապահների երկրորդ հարցմանն ի պատասխան նա հայտնել է, որ ծննդաբերել է դաշտում, իսկ երեխան մեռած է ծնվել:
Երբ իրավապահները պարզել են, որ երեխան ողջ է ու առողջ, Ալլան ասել է, թե տան պայմաններում է ծննդաբերել և երեխային հանձնել Քրիստինեին: Սակայն այս բացատրությունն էլ, ըստ ոստիկանության, սուտ է եղել:
Իսկ իրականությունը հետևյալն է եղել. Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Քրիստինեն երկար տարիներ բուժման կուրսեր է անցել հիվանդանոցներում, ամենատարբեր միջոցներն են կիրառվել, բայց կինն այդպես էլ չի հղիացել: Տարիների ընթացքում նրա և բուժքրոջ միջև ամուր կապ է ստեղծվել, և Քրիստինեն հույսը կորցրած դիմել էր նրան՝ խնդրելով աջակցել, որպեսզի գոնե երեխա որդեգրի: Երբ ծննդատուն է դիմում Արագածոտնի մարզի բնակիչ Ալլան, բուժքույրը որոշում է օգտագործել հարմար առիթը:
Ըստ աղբյուրի, մայրությունն ամբողջովին օրինական դարձնելու նպատակով գործի է դրվում մի հնարանք՝ բուժքրոջ խորհրդով Քրիստինեի հետ համաձայնություն ձեռք բերելուց հետո, Ալլան կրկին դիմում է նույն ծննդատուն բայց արդեն Արարատի մարզի բնակիչ Քրիստինեի անձնական տվյալներով: Մեխանիզմն աշխատում է անխափան. ապրիլի 9-ին Ալլան ծննդաբերում է, իսկ փաստաթղթերով որպես մայր գրանցվում է Քրիստինեն:
Մայիսի 29-ին ոստիկանության Աշտարակի բաժին է հրավիրվում նաև Քրիստինեն և խոստովանում, որ այս գործարքի համար 3000 ԱՄՆ դոլար է վճարել երեխայի ֆիզիոլոգիական մորը և ևս 2 հազար դոլար՝ բուժքրոջը:
Կատարվածի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան