Հունիսի 11-ից Կասյան փողոցում կվերաբացվի գյուղատնտեսական տոնավաճառը
Հունիսի 11-ին Կասյան փողոցի հարակից տարածքում կվերաբացվի գյուղատնտեսական տոնավաճառը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ հավելելով, որ հուլիսին էլ կվերաբացվի Մաշտոցի պուրակին հարող տարածքի (Մալիբու սրճարանի հարևանությամբ) տոնավաճառը:
Նրա խոսքերով՝ 2011 թվականից Երևանում գյուղնախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող գյուղատնտեսական տոնավաճառների նպատակն է՝ գյուղացիական տնտեսություններին հնարավորություն տալ առանց միջնորդների իրենց արտադրանքն իրացնել մայրաքաղաքում:
Իսկ մինչ այդ, ըստ Ռոբերտ Մակարյանի, գյուղացիները հնարավորություն չունեին իրենց ապրանքը անմիջապես սպառողին ներկայացնել: «Մենք վերավաճառողների ինստիտուտը չենք բացառում կամ քննադատում, բայց պետք է հարթակ ստեղծենք, որպեսզի գյուղացիական տնտեսություններն ու քաղաքի բնակիչները միմյանց հետ շփվեն ու անմիջապես գյուղացիներից մթերք գնեն»,-ասաց Ռոբերտ Մակարյանը:
Նա նշեց նաև, որ գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար կտրամադրի վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:
Ռոբերտ Մակարյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի յուրաքանչյուր տոնավաճառի ժամանակ վաճառվել է 40-50 տոննա գյուղմթերք. Կասյան փողոցում նախորդ տարի կազմակերպվել է 63 տոնավաճառ, Մալիբու սրճարանի հարևանությամբ՝ 51 տոնավաճառ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են 15 հազար գյուղացիական տնտեսություններ:
Տոնավաճառում վաճառվող մթերքի գները, ըստ փոխնախարարի, մանրածախ շուկաներից տարբերվում են 10-15 տոկոսով, քանի որ միջնորդող օղակը բացակայում է:
Հարցին, թե ամեն տարի խոսակցություններ են շրջանառվում, որ այդ տոնավաճառներում նաև վերավաճառողներ են հայտնվում, Ռոբերտ Մակարյանը բացառեց վերավաճառողների ներկայությունը տոնավաճառներում, սակայն չբացառեց, որ շատ վերավաճառողներ կցանկանային հայտնվել այնտեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան