Բացվել է Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների երկկողմ երթևեկը
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածները երկկողմանի երթևեկելի են,-տեղեկացնում են տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից:
2015թ. դեկտեմբերի 29-ին երթևեկության համար երկկողմանի բացված ճանապարհահատվածը ժամանակավորապես փակվել էր՝ դառնալով միակողմանի, քանի որ ըստ պայմանագրի՝ ճանապարհի կառուցման աշխատանքների ավարտից հետո պետք է կատարվեին ավարտական թեստավորման աշխատանքներ: Դրանց արդյունքներով պետք է ստորագրվեր ավարտական ակտը և ուժի մեջ մտներ մեկ տարվա երաշխիքային սպասարկման ժամկետը։
Շինարարական կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել այդ ճանապարհահատվածներում հայտնաբերված թեկուզ չնչին թերությունները։
Աղբյուրը հայտնում է, որ օրերս կստորագրվի հանձնման-ընդունման վերջնական ակտը, որից հետո
կմեկնարկի նաև մեկ տարի երաշխիքային ժամկետը: Այդ ընթացքում, եթե նորից
հայտնաբերվեն թերություններ, շինարարն առանց երթևեկության բնականոն ընթացքը
խաթարելու պարտավոր է շտկել դրանք: