Կայացել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ,-հաղորդում են կառավարության հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Օրակարգի առաջին հարցով ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել են համատեղ աշխատանքային խմբի շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի և աշխարհի տարբեր երկրների համանման փորձի ուսումնասիրության արդյունքները:
«Մենք պետք է հաշվի առնենք, որ ներկայացված յուրաքանչյուր մոդել ունի իր առավելությունները և թերությունները և լսելով հարցադրումները՝ այսօր վերջնական որոշում դեռ չենք կարող կայացնել: Հանձնարարում եմ արդարադատության նախարարությանը՝ բազմակողմանի քննարկել առաջարկված մոդելները, ևս մեկ անգամ վերհանել դրական ու բացասական կողմերը և երկու ամսվա ընթացքում որոշում կայացնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնել: Պետք չէ շտապել, եթե նաև օրենսդրության հետ հակասություններ կան, պետք է ուսումնասիրել և միջազգային փորձագետների ևս ներգրավել», - ամփոփելով քննարկումը՝ նշել է վարչապետը:
Զեկույցով է հանդես եկել նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ով ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության ոլորտում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ համագործակցության շրջանակում իրականացվող բարեվարքության (բարեխղճության) ամրապնդմանն ուղղված գործողությունների ծրագրի ընթացքը և իրականացվող գործողությունները:
Ամփոփելով նիստը, վարչապետն ընդգծել է, որ մեր երկրի անվտանգության արդյունավետ ապահովումը պայմանավորված է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմամբ, և այդ գործընթացը պետք է շարունակական լինի: Կառավարության ղեկավարը նշել է, որ ԹԻՀԿ ուսումնասիրության արդյունքները կարող են օգտակար լինել ՀՀ պաշտպանության նախարարությանը կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրերում և նախաձեռնություններում: