Ոստիկանություն. Բերման է ենթարկվել 6 անձ
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Հռոմի Պապի այցի կապակցությամբ` խաղաղության աղոթքի և տոնական համերգի միջոցառումների ընթացքում «Նախախորհրդարանի» որոշ անդամներ պատրաստվում են Հանրապետության հրապարակում կազմակերպել 200-ից ավելի համախոհների մասնակցությամբ հավաք:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության փոխանցմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 2251 հոդվածի 1-ին մասով ( Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը):
նախատեսված արարք կատարելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի բաժիններ բերման են ենթարկվել 6 անձինք:
ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ Երևան քաղաքում և մի շարք այլ համայնքներում Հռոմի Պապի այցի կապակցությամբ իրականացվում է հասարակական անվտանգության ապահովման արձանագրային արտակարգ ծառայություն:
«Մեր քաղաքացիներին կրկին խնդրում ենք ցուցաբերել օրինավորություն և ենթարկվել հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,-ասված է հայտարարության մեջ:
Մեջբերենք օրենքից՝ Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
ՄԻՊ գրասենյակից ավելի ուշ հայտնեցին հետևյալը.
« Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել են մի շարք հաղորդումներ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիական ակտիվիստների բերման ենթարկելու մասին: Այս մասին եղել են նաև հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում, որոնց Պաշտպանի աշխատակազմն ուշադրությամբ հետևում է:
Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից արագ արձագանքման շրջանակներում նախաձեռնվել են այցեր Ոստիկանության համապատասխան բաժիններ, ուր, առկա տեղեկատվությամբ, գտնվում են բերման ենթարկվածները»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան