ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը վտանգի տակ է դրել նաև անգլերենը
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումից հետո անգլերենը, որն աշխարհում երկրորդ ամենատարածված և Եվրամիության ինստիտուտների աշխատանքային լեզուն է, կարող է դադարել լինել ԵՄ պաշտոնական լեզու։ Այս խորհրդանշական քայլը առավել կնպաստի Լոնդոնի ազդեցության նվազմանը մայրցամաքում։
Եվրոպական խորհրդարանում Լեհաստանի աջ-կենտրոնամետ պատգամավոր Դանութա Հյուբները Բրյուսելում լրագրողներին ասել է․«Եթե մենք չունենք Մեծ Բրիտանիա, ապա մենք չունենք նաև անգլերեն»։
Դանութա Հյուբները, ով ղեկավարում է Եվրոպական խորհրդարանի սահմանադրական գործերով հանձնաժողովը, ասել է, որ ԵՄ կանոնների համաձայն՝ անդամ երկրներից յուրաքանչյուրը կարող է ներկայացնել միայն մեկ պաշտոնական լեզու, այլ ոչ երկու կամ ավելի: Այս մասին գրում է EUobserver-ը։
ԵՄ անդամ երկրներից անգլերեն խոսում են Մալթայում և Իռլանդիայում, սակայն Մալթան որպես պաշտոնական լեզու ներկայացրել է մալթայերենը, իսկ Իռլանդիան՝ իռլանդերենը։ ԵՄ անդամ երկրներից միայն Մեծ Բրիտանիան էր ներկայացրել անգլերենը՝ որպես ԵՄ պաշտոնական լեզու։
Այժմ արդեն անգլերենը որպես ԵՄ աշխատանքային լեզու պահելու համար անհրաժեշտ է կատարել ԵՄ կաոնների փոփոխություն, որի համար անհրաժեշտ է անդամ բոլոր երկրների համաձայնությունը։
Ֆրանսիան ցանկանում է մեծացնել ֆրանսերենի ազդեցությունը ԵՄ-ում, որն ուներ մինչև 1990-ականները։ Սակայն երբ ԵՄ-ին միացան Շվեդիան, Ֆինլանդիան, Ավստրիան, ինչպես նաև արևելյան Եվրոպայի երկրները, նրանք ընտրեցին անգլերենը որպես աշխատանքային լեզու, ինչն էլ թուլացրեց ֆրանսերենը։
Սակայն Ֆրանսիան երբեք չհամակերպվեց լեզվական պարտության հետ և ֆրանսերենը անգլերենի հետ միասին կիրառվում էր որպես հավասար աշխատանքային լեզու, և Ֆրանսիան բաց չի թողնի այս առիթը՝ ֆրանսերենն առաջին աշխատանքային լեզու դարձնելու համար։