Իմ պաշտոնավարման ընթացքում շուրջ 140 հոգի ազատվել են պաշտոններից. Սեյրան Օհանյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մշտապես է կատարվում: Հայաստանի Զինված ուժերում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանային առումով: Այս ութ տարիների ընթացքում բավականին մեծ քանակությամբ փոփոխություններ ենք արել,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե կոռուպցիայի դեմ պայքարելու համար այսօր ի՞նչ աշխատանքներ են տարվում, հաշվի առնելով, որ ապրիլյան դեպքերից հետո ՊՆ-ում եղան պաշտոնանկություններ:
Նա նշեց, որ պլանային փոխարինումները կադրային քաղաքականության մեջ ամենակարևորն են:
«Իմ պաշտոնավարման ընթացքում շուրջ 140 հոգի՝ գնդապետից բարձր պաշտոններից ազատվել են, որոնցից շուրջ 60-ն այն պաշտոններից է, որոնց մեջ պարունակվել է կոռուպցիոն ռիսկեր: Բանակի ղեկավարությունը ծրագրային աշխատանքի շրջանակներում հասել է նրան, որ այսօր մենք ունենք մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոն, որի հիմքում հենց կոռուպցիայի, կաշառակերության դեմ պայքարն է»,-ասաց նախարարը:
Ս.Օհանյանի խոսքով, միշտ նոր կադրերին պետք է նպատակաուղղել, դաստիարակել. «Դա նշանակում է, որ կոռուպցիայի, կաշառակերության դեմ պայքարը միշտ էլ պետք է շարունակական լինի»:
Նախարարի խոսքով, ՀՀ Զինված ուժերում վերահսկող կառույցների կողմից բացահայտումների ժամանակ լինում են նաև համապատասխան պաշտոնանկություններ, պատիժներ, և այդ խնդիրներում, անկասկած, օգնում են նաև պետության մեջ գտնվող վերահսկող օրգանները, որոնք թարմ աչքով կողքից նոր բացահայտումներ են կատարում:
Պատասխանելով հարցին, թե խոսակցություններ են գնում Օհանյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի պաշտոնանկության մասին, քանի որ ոլորտի պատասխանատուներ ձեզ են համարում, Սերյան Օհանյանն ասաց. «Հայաստանի պաշտպանության նախարարը երբեք չի հրաժարվի իր հայրենիքին ծառայել»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր