Կառավարությունն իրավաբանական անձանց համար կնիքների անհրաժեշտությունը վերացնում է
ՀՀ կառավարություն այսօրվա նիստում ընդունած որոշման համաձայն՝ փոփոխություններ կատարեց մի շարք որոշումներում, որոնք թույլ կտան, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները ստիպված չլինեն կնիքով փաստաթղթեր ներկայացնել մինչև կազմակերպության ստեղծումը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ երբ ձևավորվում է իրավաբանական անձը, կազմակերպության ղեկավարը ձեռք է բերում կնիք, ինչը դանդաղեցնում է գրանցման գործընթացը ու միաժամանակ չի երաշխավորում, որ փաստաթղթերը կեղծված չեն:
«Ըստ վերջին բարեփոխումների՝ գրանցման ու հետագա գործընթացների ժամանակ էլեկտրոնային ստորագրության ներդրումից հետո կնիքի առկայության անհրաժեշտություն չկա: Մինչդեռ, կառավարության մի շարք որոշումներում դեռ կան կետեր, որոնց համաձայն կնիքի առկայությունը անհրաժեշտ է: Կառավարության տվյալ որոշումը կհեշտացնի ընկերությունների գրանցման գործընթացը, կկրճատի ժամանակն ու ծախսերը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Բացի այդ, ընկերությունները ստիպված չեն լինի վճարել 15 500 դրամ՝ կնիք ձեռք բերելու համար: