Հայաստանի չեմպիոնը շարունակում է նոր ֆուտբոլիստներ հրավիրել
Շարունակվում է Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» համալրման գործընթացը: Հիշեցնենք, որ մինչ եվրոպական խաղերի մեկնարկը թիմին էին միացել սերբ Ալեքսանդր Տասիչը, ուկրաինացիներ Դմիտրո Խովբոշան, Անտոն Սավինը և Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արտակ Դաշյանը:
Այժմ ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Ալաշկերտի» համազգեստը կկրեն ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ֆուտբոլասերներին քաջ հայտնի Սամվել Մելքոնյանը և ուկրաինացի լեգեոներ Մարատ Դաուդովը:
Տեղեկացնենք, որ Արսենի և Սամվելի վերջին ակումբը «Միկան» է եղել, իսկ 27-ամյա Մարատինը` Ուկրաինայի 2-րդ դիվիզիոնի «Գիռնիկ Կրիվոյ Ռոգը»: Դաուդովը երկու տարի առաջ հանդես է եկել '«Գանձասարում» և լավ ծանոթ է հայկական ֆուտբոլին: Բոլոր ֆուտբոլիստների պայմանագրերը կնքված են մեկ տարով:
Հավելենք նաև, որ «Ալաշկերտը» այսօր առավոտյան է վերադարձել Անդորրայից, որտեղ անցկացրել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումն այդ երկրի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» հետ: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով և ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում, որը տեղի կունենա հուլիսի 5-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19:00-ին: