Շարմազանովը կրկնում է. «Լեռնային Ղարաբաղը չի կարող ոչ մի կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում»
ՀՀԿ ԳՄ հերթական նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական արտաքին քաղաքական հարցեր, ինչպես նաև ներկուսակցական հարցեր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտից հետո:
Խոսնակի փոխանցմամբ, անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին:
«Պարոն նախագահը ներկայացրել է իր զրույցի արդյունքները ԱՄՆ պետքարտուղար Քերրիի հետ, քննարկել ենք նաև ԵԱՀԿ գործող նախագահ պարոն Շտանմայերի այցը Հայաստանի Հանրապետություն, տարածաշրջան: Եվս մեկ անգամ պետք է հաստատեմ, որ հայկական կողմերը, բացառապես ՀՀ-ն ունի հստակ դիրքորոշում, որ խնդդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման արդյունքում, խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը ևս այլընտրանք չունի»,- նշեց Շարմազանովը:
Ըստ Շարմազանովի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի այնքան իրավունք հանրաքվեով լուծելու իր հարցը, որքան եվրոպական ցանկացած ժողովուրդ։
«Լեռնային Ղարաբաղը չի կարող ոչ մի կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանցիները սիրում են խոսել Նախիջևանի մասին։ Նախիջևանը լավ օրինակ է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այն հայերով բնակեցված տարածք էր, և ադրբեջանական տիրապետության հետևանքով այնտեղ ոչ մի հայ չի ապրում։ Ադրբեջանցիները նույնիսկ չեն կարող հանդուրժող լինել նյութական, մշակութային ժառանգության նկատմամբ, ուր մնաց ժողովրդի հետ»,- նշեց խոսնակը։
Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումների հավանականության վերաբերյալ հարցին, Շարմազանովը դրական պատասխանեց, հավանական համարելով հանդիպումները, քանզի մինչև տարեվերջ դեռ հինգ ամիս կա։
Հարցին, թե որքանով է հավանական առարկայական բանակցությունների մեկնարկը նման հանդիպումների ընթացքում, Շարմազանովը պատասխանեց. «Առարկայական բանակցությունները կախված են Ադրբեջանից, նրանց քաղաքական կամքից: Բացի այդ, Մինսկի խմբի համանախագահները պետք է հետամուտ լինեն, որ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,- նշեց Շարմազանովն ու հավելեց, որ ադրբեջանական կողմը վերադառնալով Սանկտ Պետերբուրգից, սկսեց խոսել վստահության մեխանիզմերի չներդրման մասին, ինչն, ըստ խոսնակի, Վիեննայի պայմանավորվածության կոպիտ խախտում է:
«Ադրբեջանը հետ է կանգնում Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունից»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր