Էրեխես կուլա` պապ, էս ի՞նչ էղավ մեր տունը
Արթիկի հեղեղից տուժած բնակիչները դժգոհ են կառավարության տրամադրած փոխհատուցման չափից:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնակիչներից Յուրա Մողրովյանն ասաց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչ սկզբունքներով են վնասի չափը գնահատել:
«Իմ տունը չկա: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արթիկ կատարած այցի ընթացքում եղել է իմ տանը, ասել է՝ այստեղ հնարավոր չէ բնակվել: Ուսիս խփեց, թե մի ներշնչի, բնակարանով կապահովենք: Ինֆարկտ տարած մարդ եմ, երկու օր տանիքում եմ քնել: Ոչ մի բան չունեմ, նույնիսկ շոր չունեմ, ամոթ է ասել, բայց էստեղ եմ եկել եղբորս հագուստով: Ինձ ոչ մի բան պետք չի, մենակ տուն ունենամ: Թոռանս բանակ եմ ճամփելու, բայց ես ի՞նչ սրտով պետք է նրան ճամփեմ բանակ: Էրեխես նայում ա տանը, կուլա` պապ, էս ի՞նչ էղավ մեր տունը: Ես չգիտեմ էդ էրեխեքի դարդը ոնց քաշեմ: Հիմա ամեն մեկին տարել մի տեղ թողել եմ: Գալուցս առաջ էլ ջուր էր լցվում տունս: Տղաս զորամասում ա աշխատում, էնտեղից նասոս են բերել, որ ջուրը քաշեն: Էսպես մոլորված ման կուգամ»,- հուզված ասաց Յուրա Մողրովյանը:
Նրա խոսքերով՝ իր տանը հնարավոր չէ ապրել, ջուրը ձորից նորից լցվում է նկուղ: Ըստ նրա՝ տան պատերը կանգուն են, բայց կահույքն ամբողջովին ոչնչացվել է, ամբողջ տունը ցեխաջուր է:
Յուրա Մողովրյանը նշեց, որ ստեղծված հանձնաժողովն իր կրած վնասը գնահատել է 1 մլն 900 հազար դրամ. «Զարմանում եմ, թե էդ ոնց են գնահատել»:
Միայնակ թոշակառու Դուսյա Հարությունյանն էլ նշեց, որ հեղեղի օրն իրեն փրկարարներն են տանից հանել: «Ամեն ինչում էս խեղճ Աբրահամյանին են մեղադրում, բայց նա ինչ անի: Հրահանգ էր տվել, որ գան ու ինձ տանից հանեն: Ես շնորհակալ եմ, որ ողջ եմ: Ոչ ոսկի եմ կորցրել, ոչ փող, մենակ տուն եմ ուզում: Վարչապետն ինձ տուն է խոստացել»,- ասաց Դուսյա տատը՝ հավելելով, որ պետությունն իրեն հատկացրել է 1 մլն 800 հազար դրամ, բայց իր տունը շատ ավելի մեծ վնասներ է կրել:
Արտավազդ Կարախանյանը ևս համարժեք չի համարում իրեն հատկացված գումարը, քանի որ բացի տնից, վնասվել է անասնագոմը: Նա դժգոհ է կառավարությունից և հրաժարվում է իրեն տրամադրած գումարից:
«Առաջինն իմ տունն է տուժել: Վնասվել է անասնագոմս: 1200 թև ճուտ ունեմ, բադեր, խոզեր, 9 հորթ, որից հիմա կեսի կեսն է մնացել: Դա ձեր պատկերացրած անասնագոմ չէ, այն կառուցվել է որպես բնակելի տուն, հետագայում եմ անասնագոմի տեղ օգտագործել»,- ասաց Արտավազդ Կարախանյանը՝ հավելելով, որ կառավարությունն այդ ամենի դիմաց իրեն տրամադրել է ընդամենը 655 հազար դրամ:
«Հարցնում եմ՝ ինչի համար է 655 հազար դրամը, պատասխանել են՝ պարիսպի փլուզման, բայց ախր ոչ մի պարիսպ չի փլուզվել: Ինձ պետք չէ էդ գումարը»,- ասաց նա:
Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանն էլ նշեց՝ կարևորն այն է, որ զոհեր չեն եղել:
Ըստ քաղաքապետի՝ պատճառված վնասի չափը ծայրաստիճան օբյեկտիվ են գնահատել: Այսինքն, ըստ նրա, հաշվի են առել տան քառակուսին, վնասվածության չափը, բնակարանի վիճակը և այլն:
Արսեն Աբրահամյանի խոսքերով՝ ստեղծված հանձնաժողովը այցելել է 41 տուն, արդյունքում՝ որոշում է կայացվել աջակցել 32 ընտանիքի, որոնցից 12-ին՝ բնակարանների մասով:
«Արթիկում հիմնովին փլուզված տներ չկան, էական վնաս է կրել տասներկու տուն, կան մասնակի փլուզումներ, մասնավորապես, վնասվել են հողամասեր, ընտանի կենդանիներ են սատկել և այլն»,- ասաց նա:
Նշենք, որ կառավարության հունիսի 30-ի նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարել է, որ ֆինանսական միջոցներ են տրամադրվում բնակարանների վերականգնման համար: Ստեղծված հանձնաժողովը, որ գործում է Արթիկի տարածաշրջանում, հաշվարկել է` մեկ բնակարանի համար հատկացնել մինչև 4 մլն 600 հազար դրամ, ինչը բավարար է կեցության նորմալ պայմաններ ապահովելու համար:
Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք որևէ մեկին մինչև 4 մլն 600 հազար դրամի փոխհատուցում տրամադրվել է, քաղաքապետը հայտնեց, որ ընդամենը մեկ բնակչի է այդքան գումար հատկացվել:
Հարակից հրապարակումներ`
- Արթիկի քաղաքապետ. «Այս դեպքում ոչինչ հնարավոր չէր անել»
- Արթիկի հեղեղից տուժած մեկ բնակարանի վերանորոգման համար կհատկացվի մինչև 4 մլն 600 հազ. դրամ
- Արթիկում խմելու ջրի նմուշառման գործընթացը
- Բնապահպաններ. Այն ինչ պատահեց Արթիկում, յուրաքանչյուր պահի կարող է կրկնվել այլ բնակավայրերում
- Աղետի հետևանքով ծանր վիճակում հայտնված մարդկանց օգնելու համար Արթիկի քաղաքապետարանը զորակցության կոչ է անում
- Վարչապետ. Արթիկի վնասներ կրած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի
- Արթիկում այս պահին ընթանում են սելավատարերի հունը կարգավորելու աշխատանքներ
- Արթիկիում սելավաջրերից արտակարգ իրավիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը