Տիգրան Գյոկչյան. «Ամեն ինչ կանենք` Իռլանդիայի հավաքականին հաղթելու համար»
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչից առաջ ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում խոսել է անցկացրած հանդիպումների մասին, ինչպես նաև հույս հայտնել, որ կիսաեզրափակչում իր թիմը կկարողանա առավելության հասնել Իռլանդիայի հավաքականի նկատմամբ:
«Հայաստանի հավաքականը տարբեր կերպ սկսեց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը: Թիմը շատ լավ հանդիպում անցկացրեց Մոլդովայի հետ: Մենք բավական լավ ուսումնասիրել էինք մրցակցին և գիտեինք նրանց թույլ և ուժեղ կողմերը: Վերլուծությունը տվեց իր արդյունքը և հասկացանք, թե իրենից ինչ է ներկայացնում Մոլդովայի հավաքականը: Մեր աշխատանքի արդյունքը եղավ վստահ հաշվով հաղթանակը:
Պարտվեցինք Անդորրային, քանի որ նրանք մեզ անակնկալի էին բերել: Շատ քիչ լուրեր ունեինք նրանց մասին: Թեպետ հետևել էինք նրանց խաղին առաջին հանդիպման ժամանակ, սակայն նրանց թիմը ներկայացել էր ոչ մարտական կազմով: Հանդիպումը ցույց տվեց, որ Անդորրան կազմակերպված թիմ է և ունի իսպանական ոճ: Անկախ դրանից, կարող էինք ավելի լավ խաղալ և հաջողության հասնել:
Ուելսի դեմ խաղում բոլորը տեսան, որ ակնհայտ պայքար չկար: Թեպետ մեր հավաքականը շատ լուրջ էր տրամադրվել խաղին: Պարտությունից հետո մեծ էր ցանկությունը հաղթելու: Նախապատրասական փուլի ընթացքում Հայաստանը քիչ հանդիպումներ է անցկացրել և բացի այդ, թիմն առաջին անգամ է մասնակցում նմանատիպ միջազգային մրցաշարի: Բնական է այն, որ բասկետբոլիստները չեն կարող ամբողջ տարին հավաքականի հետ լինել: Ժամանակի հետ ամեն ինչ իր տեղն է ընկնում և թիմն էլ սկսում է աճել:
Ինչ վերաբերում է մեր առաջիկա մրցակից Իռլանդիայի հավաքականին, ապա այն կազմակերպված թիմ է և ագրեսիվ բասկետբոլ է խաղում: Նրանք այս մրցաշարի լավագույն թիմերից մեկն են, բայց Հայաստանի հավաքականը ևս ֆավորիտներից է: Ամեն ինչ կանենք` Իռլանդիային հաղթելու համար: Հասցրել ենք վերլուծել նրանց խաղը և ձգտելու ենք մեզ համար դրական արդյունքի հասնել»,- նշել է Գյոկչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի բասկետբոլի հավաքականի կիսաեզրափակչի մրցակիցը Իռլանդիայի թիմն է
- Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց երկրորդ տուրում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը