Տաջիկստանի նախագահը կայցելի Հայաստան
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այսօր Երևանում Հայաստանի ու Տաջիկստանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են Տաջիկստանի նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Տաջիկստանի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցելությունը՝ նշելով, որ հայկական կողմն այս այցելությունը, ինչպես նաև վերջերս Տաջիկստանի առաջին դեսպանի հավատարմագրումը Հայաստանում դիտարկում է 2015թ. սեպտեմբերի 14-ին Դուշանբեում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնի հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու վերաբերյալ պայմանավորվածության համատեքստում:
Ըստ աղբյուրի, Էդվարդ Նալբանդյանը և Սիրոջիդին Ասլովը կարևորել են արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։
Բանակցություններին անդրադարձ է կատարվել 2004թ. ձևավորված հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, երկուստեք շեշտվել է դրա գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը։ Այդ առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում գումարել հանձնաժողովի հերթական նիստը:
Հարակից հրապարակումներ`
- Բարեկամ Հայաստանի և Տաջիկստանի հարաբերություններն ավելի խորացնելու համար որևէ խոչընդոտ գոյություն չունի. Սերժ Սարգսյան
- Տաջիկստանի ԱԳՆ. Մենք մեծապես կարևորում ենք էսկալացիայի կրկնության անթույլատրելիությունը
- Նալբանդյան. Կարևորում ենք Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ խնդրի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին