Տիգրան Գյոկչյան. «Ապացուցեցինք, որ մարտունակ թիմ ունենք»
Հայաստանի բասկետբոլի հավաքականը նոր էջ բացեց հայկական բասկետբոլի համար՝ հիմք դնելով ապագայի նոր և մեծ հաղթանակներին, որոնց համար, իհարկե, դեռ շատ լուրջ աշխատանքներ պետք է կատարվեն: Հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի առաջնությունը և խոսել ապագայի տեսլականի մասին:
- Պարոն Գյոկչյան, հիմա արդեն ունենք Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն հավաքական: Ինչպե՞ս հավաքվեց այդ թիմը:
- Հավաքականի ձևավորման ամբողջ գործընթացը տեղի ունեցավ Հայաստանից դուրս: Ամեն ինչ սկսվեց դեռ 7 ամիս առաջ: Երբ պլանավորեցինք, որ պետք է ձևավորենք մարտունակ հավաքական, սկսեցինք բանակցել տարբեր խաղացողների հետ, փնտրեցինք բասկետբոլիստների Հայաստանում և Հայաստանից դուրս: Շատ բասկետբոլիստներ կային, բայց մի քանիսը տարբեր պատճառներով չկարողացան գալ:
- Այժմ Ձեր տեսադաշտում կա՞ն այնպիսի բասկետբոլիստներ, ովքեր կարող են համալրել հավաքականը:
- Իհարկե: Կան երեք-չորս բասկետբոլիստներ, ովքեր շատ լավ խաղացողներ են և կարող են ուժեղացնել թիմի կազմը:
- Խոսենք Եվրոպայի առաջնության մասին: Առաջին խաղում տպավորություն կար, որ մենք ճանաչում ենք մրցակցին: Ո՞րն էր այդ խաղում մեր ուժեղ կողմը:
- Մոլդովայի ազգային թիմի հետ մեր առաջին խաղից առաջ ուսումնասիրել էինք նրանց խաղը, և հենց դա էր մեր ուժեղ կողմը: Լավ գիտեինք, թե ինչպես է գործում մրցակիցը: Գործդ ավելի է հեշտանում, երբ ճանաչում ես մրցակցիդ:
- Անդորրայի ընտրանու հետ խաղում հուզմո՞ւնքն էր պարտության պատճառը:
- Մենք տեսել էինք Անդորրայի թիմի խաղը, բայց ոչ հիմնական կազմով: Նրանք Ուելսի հավաքականի հետ խաղացել էին 3-րդ կազմով: Դա էր պատճառը, որ չկարողացանք լավ հասկանալ նրանց խաղը: Անդորրայի թիմի խաղին վերաբերող շատ քիչ տեղեկություն կար համացանցում: Մյուս կողմից էլ, երբ Մոլդովայի ընտրանուն հաղթեցինք, տղաները մտածեցին, որ հաղթանակները պետք է հեշտությամբ տրվեն…
- Ի՞նչ կասեք Ուելսի հավաքականի հետ հանդիպման մասին:
- Իհարկե, Ուելսի հավաքականը նույն մակարդակը չուներ, ինչ Անդորրան և Մոլդովան: Բայց երբ ցուցադրում ենք մեր խաղը, պաշտպանությունն աշխատում է, իսկ տղաներն էլ տրամադրված են, խաղն ստացվում է:
- Իռլանդացիների հետ խաղն ավելի հանգի՞ստ ստացվեց:
- Իռլանդիայի ընտրանին այս մրցաշարում ամենաուժեղներից մեկն էր: Նրանք շատ կազմակերպված էին, բասկետբոլիստներն էլ բավական ուժեղ էին: Եվրոպական բասկետբոլ էին խաղում: Մնում էր միայն, որ մենք էլ թիմային բասկետբոլ խաղանք, և դա արեցինք:
- Եզրափակչում կարծես գտե՞լ էիք Անդորրայի թիմի դեմ ճիշտ հակախաղը:
- Եզրափակչում վստահ էի, որ հաղթելու ենք: Քանի որ մարզիկներից ոչ ոք վնասվածք չուներ, և գերազանց էինք տրամադրված, ապացուցեցինք, որ ամենաուժեղն ենք Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:
- Հիմա իրավունք ենք ստացել՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Ի՞նչ տեսլական ունեք ապագայի համար:
- Եվրոպային ցույց տվեցինք, որ ունենք մարտունակ թիմ: Բայց դժվար է պահել թիմը՝ սահմանափակվելով հավաքականի խաղերով: Հիմա առավել կարևոր է բազային թիմի ստեղծումը, որը կարող է Ռուսաստանում կամ այլ լիգայում խաղալ: Կարող ենք ստեղծել ակումբ, որտեղ հանդես կգան այս բասկետբոլիստները, ովքեր միասին խաղալու փորձ ձեռք կբերեն և կբարելավեն հավաքականի արդյունքները:
- Արդեն մեկ օր է, ինչ հայրենիքում եք: Ի՞նչ արձագանքներ եք ստացել այս հաղթանակից հետո:
- Եթե անկեղծ, ապա երբեք նման արձագանքի, նման ընդունելության չէի սպասում: Այս հաղթանակից հետո շատ ընկերներ հիշեցին, և կրկին հանդիպեցի նրանց, ում տեսել էի 30 տարի առաջ: Նրանք ոչ մի կապ չունեին բասկետբոլի հետ, բայց եկել էին ասելու, որ ուրախ են հավաքականի համար: Գալիս են, շնորհավորում ու ասում, որ հպարտանում են հավաքականով: Մեզ ընդունեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: