Արա Պողոսյան. «Հայաստանը բասկետբոլային ակումբ կունենա»
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը, ինչպես նաև հավաքականի անդամներ՝ Միքայել Պողոսյանը, Արտյոմ Թավաքալյանը և Սերգեյ Պոլուխինը հանդիպեցին լրագողներին և պատասխանեցին նրանց հարցերին: Մասնակիցները խոսեցին Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից և հետագա անելիքներից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Արա Պողոսյան.- Հավաքականը կազմավորելու ծրագիրը մենք դեռ 5 տարի առաջ ենք սկսել: Ծրագիրը դեռ ավարտված չէ: Մենք նախատեսում ենք, որ արդեն այս տարվանից Հայաստանը կունենա բասկետբոլի պրոֆեսիոնալ ակումբ, որը կխաղա Ռուսաստանի «Սուպեր լիգայում» և Եվրոպայի Գավաթի մրցաշարերից որևէ մեկում, դեռ հստակ որոշված չէ: Մեր հավաքականից 8 մարզիկ կհամալրեն այդ ակումբը, իսկ գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը համաձայնեց վերադառնալ Հայաստան և գլխավորել այդ ակումբը: Հույս ունենք՝ ձեզ ուրախացնելու առիթներ կունենանք:
Տիգրան Գյոկչյան.- Առաջնությանը մասնակցելուց առաջ մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու: Սպորտում ամեն ինչ լինում է: Մի փոքր խնդիր ունեինք՝ խաղակցվածության հետ կապված: Հանդիսատեսին թվում է, թե մենք հեշտ էինք հաղթում, և պայքարը թեժ չէր, սակայն դա ամենևին էլ այդպես չէր: Այն, որ մենք հաղթում էինք մրցակիցներին, չէր նշանակում, որ նրանք էին թույլ, դա խոսում էր մեր թիմի՝ ուժեղ լինելու մասին»:
Միքայել Պողոսյան.- Հավաքականում հանդես գալը և հաղթելը մեծ ուրախություն էր բոլորիս համար: Ակումբը համալրելու հաճելի առաջարկ ստացա, որն, ամենայն հավանականությամբ, կընդունեմ:
Արտյոմ Թավաքալյան.- Ես նույնպես թիմը համալրելու առաջարկ եմ ստացել, սակայն պետք է վերադառնամ ԱՄՆ և ուսումս շարունակեմ: Որոշմանս մասին հստակ չեմ կարող ասել:
Սերգեյ Պոլուխին.- Ես 16 տարեկանից հանդես եմ գալիս Հայաստանի հավաքականի կազմում: Ստացա ակումբից հանդես գալու առաջարկը: Սիրով ընդունել եմ այն:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները