Հայերն իրենց գենետիկ կոդով ձեռնարկատիրական ջիղ ունեն. Պյոտր Սվիտալսկի
Հայաստանը հայտնի է իր առևտրական, ձեռնարկատիրական ոճով, հայերն իրենց գենետիկ կոդով ձեռնարկատիրական ջիղ ունեն, որի իրացման համար ընդամենը պետք է տարածք, ապահովություն ու կանխատեսելի օրենսդրություն ապահովել: Այս մասին այսօր «Բիզնեսի հեռանկարները, խոչընդոտներն ու հնարավորությունները Հայաստանում» համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նա իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ վարչապետին այս համաժողովին մասնակցության համար` ասելով, որ նրա ներկայությունը խորհրդանշում է լավ գործարար միջավայր ստեղծելու կառավարության կողմից ներդրվող ջանքերը:
«Մեզ բոլորիս միավորում է մեկ ընդհանուր նպատակ` ավելի շատ եվրոպական բիզնես գործընկերներ ունենալ, ովքեր Հայաստանում առևտուր ու ներդրումներ կանեն: Գալիք ամիսներին կկարողանանք բիզնես համայնքի ու Եվրոպական բիզնես ասոցիացիայի համագործակցությամբ նոր էջ բացել մեր հարաբերություններում»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:
Ըստ նրա՝ տնտեսական աճ ապահովելու հարցը շատ երկրներում, այդ թվում` ԵԱՏՄ և ԵՄ անդամ երկրներում, մարտահրավեր է:
«Հուսով եմ, որ մենք կկարողանանք օգտվել Հայաստանի ընձեռած հավելյալ արժեքից: Ելնելով իրենց աշխարհագրական դիրքից, պատմությունից, մշակույթից, հայերը գիտեն ինչպես կամուրջներ կառուցել այլ մշակույթների, հեռավոր տարածքների հետ»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ եվրոպացի գործարարների համար Հայաստանի միջավայրը շատ բարենպաստ է, հիմա ժամանակն է այդ միջավայրը վերածել ներդրումների ու առևտրական հարաբերությունների: Իսկ նոր ներդրողներ գտնելու հարցում Պյոտր Սվիտալսկին խոստացավ ոչ միայն իր, այլև Հայաստանում ներկայացված եվրոպական դիվանագիտական ողջ կորպուսի աջակցությունը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը