Քերրին և Լավրովը կքննարկեն նաև ԼՂ հիմնահարցը
Կրեմլում աշխատում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հնարավոր հանդիպման շուրջ: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ հանդիպման ժամկետների վերաբերյալ դեռևս վաղ է խոսել:
«Այն բանի հավանականությունը, որ նախագահը kընդունի պարոն Քերրիին` քննարկվում է: Դեռևս ստույգ ժամկետ ես ձեզ ասել չեմ կարող»,- նշել է Պեսկովը:
Ջոն Քերրին Մոսկվա կժամանի հուլիսի 14-ին, նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Ռուսական կողմը մտադիր է ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել սիրիական հարցը:
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ և ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: