Արմեն Ռուստամյան. «Լավատեսությունը վերանում է, երբ Ալիևը վերադառնում է Բաքու»
Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ քաղաքական ակտիվությունն ու հանդիպումներն էին «Երկրի հարցը» հաղորդման հերթական թողարկման թեման, որին հյուրընկալվել էր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հարցին ի պատասխան, թե արդյոք ներկայիս ակտիվությունն ու համանախագհների հայտարարությունը լավատեսություն է առաջացնում, հյուրը պատասխանեց. «Միջնորդների և այլ պաշտոնական հայտարարությունները երբ լսում ենք, լցվում ենք լավատեսությամբ, սակայն այդ լավատեսությունը վերանում է, երբ Ալիևը վերադառնում է Բաքու: Տարբեր առիթներով ասել եմ՝ երկու Ալիևի հետ գործ ունենք, մի Ալիև, ով չի կարողանում հոխորտալ համանախագահների մոտ, քանի որ իրավիճակը վերահսկվում է, և մեկ այլ Ալիև, ով սուլթանական աթոռին նստած հոխորտում է»:
Դաշնակցական գործիչի կարծիքով, մի բան հստակ է, որ ապրիլյան պատերազմից հետո բոլորին պարզ դարձավ, որ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, հակառակն այն բանի, ինչ տարիներ շարունակ փորձում էր ապացուցել Ադրբեջանն իր ռազմատենչ հայտարարություններով:
«Միակ երկիրը, որն ակնհայտ պաշտպանում էր Ադրբեջանի ագրեսիան, Թուրքիան է: Հիմա մենք մի պրոցեսում ենք՝ Ալիևին վերադարձնում ենք բանակցային սեղանի շուրջ»,- նշեց Ռուստամյանը:
Խոսելով ներկայում շատ քննարկվող փուլային կամ փաթեթային տարբերակների մասին, ՀՅԴ ներկայացուցիչն ասաց. «Ես փուլայինին դեմ չեմ, եթե ԼՂՀ անկախությունը ճաչավում է, հետո փուլային մնացած հարցերը լուծվում են… Բանակցություններ անում ենք ինչի համար. սկսում է հարցը՝ ինչ կարգավիճակ պիտի ունենա, տարածքների խնդիրը, փախստականների հարցը, այսինքն ամբողջ փաթեթը, որը հակամարտության բովանդակությունն է, պետք է քննարկվի խաղաղ բանակցությունների արդյունքում»:
Ըստ Ռուստամյանի, հիմա խնդիրն Ալիևին բանակցությունների հետ վերադարձնելն է:
« Մենք ցանկանում ենք լուծել կարգավիճակի հարցը, Ադրբեջանն ասում է տվեք իմ հողերը»,- հավելեց Արմեն Ռուստամյանը:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղելնաև իշխանության հետ Դաշնակցության կազմած կոալիցիային և համատեղ աշխատանքի ծրագրին: «Ընդհանուր համագործակցության ուղղությունները ճշտված են և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Մենք հիմա փորձում ենք ժամանակացույց մշակել մեր արվելիք աշխատանքների, ինչը մի փոքր հիմա դժվար է, քանի որ կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն»,- ներկայացրել է Ռուստամյանը: