Բրյուսելում «Միզող տղան» վերածվել է ուկրաինացի կազակի
Բրյուսելի խորհրդանիշը՝ «Միզող տղան», զգեստավորվել է, կրում է ուկրաինացի կազակի հագուստ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Ակցիան նվիրված է Ուկրաինայի անկախության օրվան, որը նշվում է այսօր: Այն անցկացրել են ուկրաինացի դիվանագետները, Բելգիայում ուկրաինական համայնքի ներկայացուցիչները:
Բրյուսելի քաղաքապետարանը «Միզող տղա»-ին տարբեր հագուստներով է զգեստավորում տարբեր կազմակերությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների խնդրանքով: Այն կրել է Էլվիս Փրեսլիի, հրշեջի, Սանտա Կլաուսի, ռուս տիեզերագնացների, էստոնական ազգային և այլ հագուստներ:
«Միզող տղան» քանդակը Բելգիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերից է: Այժմ այդ քանդակի նախնական տեղում գտնվում է կրկնօրինակը: Ենթադրյալ բնօրինակը, որն ուսումնասիրում են գիտնականները, գտնվում է Բրյուսելի քաղաքային թանգարանում: Քանդակը տեղադրվել է Բրյուսելում 17-րդ դարում: