Այս տարի էականորեն աճել են լոլիկի արտահանման ծավալները. գյուղնախարար
Այս պահի դրությամբ հանրապետությունում արդեն իսկ շուրջ 10 000 տոննա լոլիկ է մթերվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 500 տոննայով ավել է: Այս մասին այսօր Արմավիրի մարզի «Նոյյան» գործարանում լոլիկի մթերման ընթացքին ծանոթանալիս նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
ԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ այս պահին լոլիկի մթերումներ են իրականացնում «Արտաշատի պահածոների գործարանը» և Արմավիրի «Նոյյան» գործարանը:
«Պետք է նաև հաշվի առնել, որ այս տարի էականորեն աճել են լոլիկի արտահանման ծավալները, և բերքի մեծ մասը գյուղացիները հանձնել են արտահանողներին, ինչպես նաև ներքին շուկայում են սպառումը կազմակերպել: Արմավիրի մարզում այս տարի ընդհանուր առմամբ, չնայած որոշ համայնքներում տեղի ունեցած կարկտահարություններին, պտղի բավականին լավ բերք է ստացվել: Իսկ նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 1600 հեկտարով ավելացել են մարզի ցանքատարածությունները, որից 300 հեկտարը կազմում են լոլիկի ցանքերը»,-հավելել է նախարարը: