Նորաշենցի 78-ամյա կոմբայնավարը նոր կոմբայն է ուզում ունենալ
Տավուշի մարզի Պառավաքար համայնքի բնակիչները նախօրեին իրենց այցելած ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն են ներկայացրել խմելու ջրի և խաղողի բերքահավաքին և հանձնմանն առնչվող խնդիրնեըը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ խաղողի հանձնման համար պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնյակի գործարանի հետ, և գյուղացիները հնարավորություն կունենան հանձնելու խաղողի բերքը:
Աժ հասարակայնության և տեղեկատվության միջոցների կապերի վարչության փոխանցմամբ էլ Նորաշեն համայնքում բարձրացված խնդիրների շարքում նոր կոմբայն ունենալու հարցն է եղել, որը բարձրաձայնել է 78-ամյա կոմբայնավար Երջանիկ Աթոյանը: Գյուղապետ Գոռ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին ավելացվել են հացահատիկի ցանքատարածքները և բերքահավաքի ժամանակ լուրջ խնդիր է ծագում:
«Այս հարցն անպայման կքննարկենք, և եթե պահուստային միջոցներից չկարողանանք գումար գտնել, ուրեմն պատգամավորներով գուցե փորձենք հանգանակություն անել»,-ասել է ԱԺ փոխնախագահը:
Նորաշենցիները խնդրել են նաև ԱԺ-ում հարց բարձրացնել Նորաշեն համայնքը սահմանամերձ ճանաչելու մասին:
Պատգամավորներն այցելել են նաև Տավուշի մարզի հենակետային դիրքեր: