Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև փոխշահավետ բազմակողմ համագործակցության հեռանկարները
Սեպտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի պատվիրակությանը` նախագահ Սեիշիրո Էտոյի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով պատվիրակության առաջին այցը Հայաստան՝ փոխնախարարը նշել է, որ Ճապոնիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արևելյան Ասիայի երկրների հետ Հայաստանի հարաբերություններում: Արմեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ Սեիշիրո Էտոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա ինչպես երկու երկրների միջխորհրդարանական կապերի սերտացման, այնպես էլ՝ հայ-ճապոնական համագործակցության ընդլայնման տեսանկյունից:
Կողմերն անդրադարձել են 2012թ. ՀՀ Նախագահի Ճապոնիա կատարած այցին, որը, ճապոնական պատվիրակության ղեկավարի գնահատմամբ, նոր լիցք հաղորդեց երկկողմ փոխգործակցությանը։
Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում՝ Ճապոնիա - Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանքեր ներդնելու` խորհրդարանականների միջև շփումներն ակտիվացնելու և հայ-ճապոնական միջխորհրդարանական կապերի ամրապնդելու գործում, ինչը ամուր հիմք կհանդիսանա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի զարգացման համար:
Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ, քննարկել են Հայաստանի և Ճապոնիայի միջև երկկողմ տնտեսական կապերի և փոխշահավետ բազմակողմ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը: