Օլիմպիական քոլեջի տնօրենը պաշտոնը ժառանգել է որդուն. «Ժողովուրդ»
«Ոսկե զավակներին» տեղավորելու երևույթը թափանցել է Հայաստանի բոլոր ոլորտներ: Արդյունքում պաշտոնները սկսել են նաև «ժառանգել»: Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրենի պաշտոնը արդեն մի քանի տարի է՝ զբաղեցնում է Արմեն Գաբրիելյանը, որը ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի որդին է: Գաբրիելյան կրտսերը իր ներկայիս պաշտոնում փաստացի փոխարինել է իր հորը: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
Թերթը Դերենիկ Գաբրիելյանից փորձել է պարզել, թե ինչպես է ստացվել, որ հենց իր որդին է իր նախկին պաշտոնում նշանակվել, և արդյոք դրան նպաստել են իր մտերիմ հարաբերությունները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
«Ինքը (Արմեն Գաբրիելյանը,- խմբ.) սկզբից աշխատել է բանվոր, բռնցքամարտով է պարապել, բարձր արդյունքների չհասավ և որոշեց զբաղվել մանկավարժությամբ: Ինչպես օրենքն է պահանջել, մասնակցել է մրցույթի, անցել է համապատասխան կուրսեր, հանձնել է քննություններ և շահել: Իհարկե, չի նպաստել (Գագիկ Ծառուկյանը,- խմբ.): Ես այնպիսի ճանապարհ եմ անցել, եթե իմ զավակը լինի ոչ արժանի այս պաշտոնին, և ես զգայի, որ նա իր պարտականությունները ճիշտ չի կատարում, առաջինը ես դեմ կքվեարկեի»,-թերթի հետ զրույցում ասել է Դերենիկ Գաբրիելյանը:
«Հենց խնդիրն էլ այդ է, որ Հայաստանում «ամենաարժանները» պաշտոնյաների զավակներն են, դա է պատճառը, որ հայ երիտասարդներն օտար երկրներում են իրենց տեղն ու դերը փնտրում»,-հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: