«ԼՂՀ-ն իրավունք ունի որոշելու իր քաղաքական ապագան, պետական կառավարման համակարգը». «Առավոտ»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում խոսելով ԼՂՀ-ում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների մասին, ասել է, որ ԼՂՀ քաղաքական ուժերն ու ղեկավարները հանգել են այն եզրակացության, որ կառավարման նախագահական մոդելը ավելի արդյունավետ կլինի ներկա իրավիճակում:
«ԼՂՀ-ն անկախ ու ինքնիշխան պետություն է, հետևաբար Լեռնային Ղարաբաղը իրավունք ունի որոշելու իր քաղաքական ապագան, պետական կառավարման համակարգը»,-ասել է Թորոսյանը:
Անդրադառնալով ԼՂՀ քաղաքական վերնախավի ընտրությանը՝ ուժեղ նախագահական կառավարման մոդելին, այն պարագայում, երբ ՀՀ-ում գերադասեցին խորհրդարանական կառավարումը, թերթի զրուցակիցն ասել է. «Հայաստանը միջազգայնորեն ճանաչված պետություն է ու կառավարման խորհրդարանական մոդելի ընտրությունը պայմանավորված է հենց հայկական իրականության մեջ ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման անհրաժեշտությամբ։ Իհարկե, կան տեսակետներ, որ կառավարման նախագահական մոդելի դեպքում նույնպես հնարավոր կլիներ զարգացնել ժողովրդավարական սկզբունքները։ Դա քաղաքական նախապատվության հարց է»։