ՀՀԿ համագումարում սպասվում է կուսակցության նախագահի ընտրություն
Հանրապետական կուսակցության երեկ կայացած Գործադիր մարմնի նիստում որոշվել է, որ կուսակցության հերթական՝ 16-րդ համագումարը կկայանա նոյեմբերի 26-ին, Կարեն Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ համագումարի օրակարգային հարցերից է լինելու ՀՀԿ նախագահի ընտրությունը, ինչպես նաև Գործադիր մարմնի կազմավորումը: Մինչև հերթական համագումարը, ըստ Թադևոսյանի, սպասվում է, որ ՀՀԿ 1957 սկզբնական կազմակերպությունները կձևրավորվեն, կկազմվեն պատվիրակները և համագումարից մեկ ամիս առաջ վերջնականապես կհաստատվի ՀՀԿ համագումարի օրակարգը:
Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է կառավարության կազմում ընդգրկված անկուսակցական նախարարները համագումարում անդամագրվեն ՀՀԿ-ին, Թադևոսյանը պատասխանեց, որ այդ մասին ոչինչ չի կարող ասել:
Մեր մյուս հարցին, թե նրանց կողմից կա՞ն դիմումներ ՀՀԿ-ին անդամագրվելու մասին, Թադևոսյանը պատասխանեց. «Ոչ, այս պահին նման դիմում չկա»:
Նշենք, որ անկուսակցական են Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: