Ընտրախախտում թույլ տված հանձնաժողովականներին իշխանությունը զոհաբերելու է. Պատգամավոր
Վերջին բոլոր ընտրություններում էլ նման ընտրախախտումներ եղել են, բայց իշխանությունները, միևնույնն է, ջախջախիչ պարտության է ենթարկվել Վանաձորում և այսօր էլ սպասվում է նույն բանը։ Այդ մասին այսօր Վանաձորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Ընդդիմադիր ուժերի հետ որևէ խնդիր չունենք։ Քիչ առաջ ՀԱԿ-ի շտաբ եմ այցելել ու նրանց տեղեկատվություն փոխանցել, որ իրենց հանձնաժողովի անդամը ուշադիր լինի ու տեղեկատվության փոխանակման խնդիր չունենք, որովհետև նպատակը մեկն է՝ պահպանել ընտրողի ձայնը։ Ում ընտրում է քաղաքացին, թող նա էլ ընտրվի», -հայտարարեց պարոն Մարուքյանը։
Նրա խոսքով, ընտրական հանձնաժողովների անդամները կամ նախագահները պետք է հասկանան, որ իրենց կողմից կատարվելիք խախտումների համար «իշխանությունները իրենց զոհաբերելու են ու հայտնվելու են տարբեր քրեակատարողական հիմնարկներում»։
Հարցին՝ իսկ գուցե երաշխիքներ ե՞ն տրվել նրանց, Մարուքյանը պատասխանեց. «Ես բացառում եմ։ Երաշխիք որևէ մեկը որևէ մեկին չի կարող տալ։ Երաշխիք տալիս են սկզբից, բայց վերջում զոհարբերում են, քանի որ բացառվում է, որ մենք հետևողական չլինենք, որ նրանք դատվեն»։