Պարզաբանում` ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագրով երբ է կարելի մասնակցել ընտրությանը
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հանդես է եկել հայտարարությամբ պարզաբանելով այսօր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության տարածած ահազանգը, որի համաձայն, Արթիկում քվեարկել են ՌԴ անձնագրով։
«ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չուենցող անձինք (այսինքն, օտարերկրյա քաղաքացիները, փախստականները, քաղաքացիություն չունեցող անձինք):
Մասնավորապես, նշված օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 հունիսի 17-ի թիվ 21-Ն որոշմամբ սահմանվել է ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիություն չունեցող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի տեսակները:
Նույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն, ժամանակավոր կամ մշտական կացության քարտի կամ ՀՀ հատուկ անձնագրի բացակայության դեպքում ՌԴ քաղաքացիների համար ընտրությանը մասնակցելու անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը` տվյալ համայնքի բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով:
Հետևաբար, եթե ընտրողը հանդիսանում է ՌԴ քաղաքացի և չունի ՀՀ քաղաքացիություն, բնակչության պետական ռեգիստրում ունի առնվազն մեկ տարվա հաշվառում, ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագրով կարող է մասնակցել ընտրությանը», -ասված է Բիչախչյանի տարածած պարզաբանման մեջ: