Տիգրան Ուրիխանյանը սպառնացել է Էդուարդ Շարմազանովին
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, հստակեցրել է, թե ինչով է զբաղվելու խորհրդարանից դուրս գալուց հետո. «Ես անհրաժեշտություն ունեմ վերանայելու իմ քաղաքական գործունեությունը և իմ պայքարին նոր շունչ հաղորդելու՝ ժողովրդին ժողովրդի կյանքը կործանողներից ազատելու ուղղությամբ»:
Նա նաև սպառնաց դժոխքի վերածել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի կյանքը. «Այսուհետ իմ քաղաքական կենսագորոծւնեությունն ունի մեկ նպատակ ազատել ժողովրդին Շարմազանովի նման արյունախումներից, որի կյանքը այսօրվանից դառնալու է դժոխք»:
Հարցին, թե ի՞նչ է դա նշանակում, Ուրիխանյանը հստակ չպատասխանեց՝ ասելով, որ իր «ձևակերպումը ծայրահեղ հստակ է Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնության համար»:
Նշենք, որ Շարմազանովի նկատմամբ նման դիրքորոշման պատճառները գալիս են երեկվա ԱԺ նիստից, որի ժամանակ Ուրիխանյանը ԱԺ ամբիոնից վիրավորական արտահայտություններ հնչեցրեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հասցեին՝ նրան որակելով «Աշոտյան Արմենի ջեբի շուն» և այլն:
Այս հայտարարությանը արձագանքել էր Շարմազանովը, ասելով. «Մինչև էս պահը ես ձեզ կոռեկտ անձնավորություն գիտեի: Կարծում եմ, որ ոչ էս ամբիոնին է սազական, ոչ էլ ձեզ: ամաչեք հեռուստադիտողից չի կարելի նման բան անել»: Ավելի ուշ Շարմազանովը լրագրողներին ասել էր, թե Ուրիխանյանը ճիշտ է արել, որ պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, քանի որ վերջինիս տեղը ոչ թե Ազգային ժողովն է, այլ՝ ախոռը:
Ուրիխանյանի սպառնալիքներին իր հերթին այսօր ԱԺ-ում անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և նշել, որ ինքը որևէ պատգամավորի հետ որևէ անձնական խնդիր չունի: «Իմ երեկվա ձևակերպումները եղել են բացառապես երևույթի վերաբերյալ: Եթե ինքը վիրավորվել ա, խորապես ափսոսում եմ», -հայտարարեց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է Ուրիխանյանի սպառնալիքներին, ԱԺ փոխնախագահն ասաց, որ ինքը գործընկերների մարտահրավերներ չի ընդունում, քանի որ պատերազմի մեջ չէ որևէ մեկի հետ: «Ես համերաշխության և հանդուրժողականության կողմնակիցն եմ», -հավելեց Շարմազանովը: