Քրեական գործում Դավիթ Հովհաննիսյանը հիշատակվում է մեկ տողով ու կալանքի տակ է. Փաստաբան
«Ոտքի Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Հովհաննիսյանը հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գործով մեղադրվում է ոստիկանների նկատմամբ քարեր նետելու համար ու շարունակում է մնալ կալանքի տակ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա փաստաբան Հովիկ Արսենյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրող ցուցմունքներ է տվել ոստիկան:
«Առաջադրված մեղադրանքը 3 թերթ է, որի վրա փորձ է արվել ցույց տալ, թե Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը ինչպես են կազմակերպել այդ հավաքը, որը անվանել են չգիտես ինչու, զանգվածային անկարգություններ, ու հետո մեկ տողով գրված է, որ Դավիթ Հովհաննիսյանն էլ իր հերթին քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ: Սա 2008-ի մարտի 1-ի դեպքերի ձեռագիրն է ու ինձ շատ ծանոթ է, երբ շարքային ոստիկաններին հանձնարարված էր՝ դուք այս կամ այն անձի դեմ ցուցմունք տվեք: Բայց ի տարբերություն 2008-ի դեպքերի, այս անգամ, ԶԼՄ-ների ներկայացուցիչները շատ են եղել ու տեսանկարահանումներ են կատարել, և յուրաքնաչյուրի կատարած գործողությունները երևում են», -հայտարարեց փաստաբանը:
Նա վկայակոչեց 2008-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ Հայաստանի մասով ԵԽԽՎ ընդունած բանաձևերը, որոնց համաձայն չի կարելի մարդու նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել կամ մարդուն կալանավորել մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա:
«Միանշանակ, հուլիսի 29-ին այսպես կոչված զանգվածային անկարգության մասով քրեական գործը պետք է կարճվի, իսկ քրեական հետապնդումը ընդհանրապես պետք է դադարեցվի»,- հավելեց Արսենյանը:
Նկատենք, որ Դավիթ Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը նույն կազմակերպության անդամն են: Այս գործով մեղադրվող «Ժառանգության» անդամներ Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Խուրշուդյանը ազատ են արձակվել, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: