Արցախում նշվել է բերքի տոնը
Արցախում նախօրեին մեծ շուքով նշվել է Գյուղատնտեսության աշխատողի օրը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վաղ առավոտյան սկսվել և օրվա ընթացքում շարունակվել է արցախյան գյուղատնտեսական մթերքների և արտադրատեսակների նմուշների ցուցահանդես-տոնավաճառ:
Հանրապետության բոլոր տնտեսվարողներին և անհատներին հնարավորություն է ընձեռվել ցուցադրելու և վաճառելու իրենց մթերքն ու արտադրանքը: Տոնավաճառում ներկայացված բերքն ու բարիքն օրհնել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Այնուհետև, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ պաշտոնական պատվիրակությունը շրջել է տոնավաճառի տաղավարներով՝ ծանոթացել վաճառքի հանված գյուղմթերքներին և արտադրատեսակներին։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն իր խոսքում ասել է, որ արդեն վեցերորդ տարին է, ինչ համաժողովրդական տոնախմբությամբ Ստեփանակերտում նշվում է գյուղատնտեսության աշխատողի և բերքի տոնը:
«Տոնավաճառին մասնակցում են 600-ից ավելի մասնակիցներ՝ նախորդ տարվա 430–ի փոխարեն: Այս տարի գյուղատնտեսության աշխատողի տոնը տարբերվում է նրանով, որ ավելացել է նաև ներկայացվող արցախյան բերք ու բարիքի և գյուղատնտեսական մթերքի տեսականին և քանակը: Տոնը հնարավորություն է տալիս, որ անմիջական շփում ստեղծվի արտադրողի և սպառողի միջև: Ներկայացրել ենք նաև ժամանակակից ոռոգման կաթիլային համակարգով մշակված պտուղներ: Մեր կողմից ֆինանսավորվել են տրանսպորտային բոլոր ծախսերը։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի տնտեսվարողները մթերքները վաճառեն շուկայականից ցածր գներով։ Մեր պայմանավորվածությունը պահպանվել է, ինչի մասին փաստում է նաև ժողովրդի մեծ հոսքը»,- ասել է նախարարը և շնորհավորել գյուղատնտեսությամբ զբաղվողներին մասնագիտական տոնի առթիվ։
«Գյուղատնտեսական տարին նախորդ տարիների համեմատ բարեհաջող էր, հատկապես հացահատիկային մշակաբույսերի առումով»,- ասել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը և հավելել, որ Քաշաթաղում տարեցտարի ընդլայնվում են նաև բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններն ու այգիները:
Բերքի տոնն ուղեկցվում էր Ստեփանակերտի և ՀՀ մշակութային համույթների համատեղ կատարումներով:Միջոցառմանը ներկա են եղել նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, զբոսաշրջիկներ, քաղաքացիներ։
Աղբյուրը հայտնում են, որ այս տարվա միջոցառման գլխավոր հովանավորը ՀՀ-ում գործող «Սպայկա» սահմանափակ պատասխանատվության ընկերությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան