Լևոն Պաչաջյան. «Չկան չլուծվող խնդիրներ ու չպարտվող հակառակորդներ»
Այսօր երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում ուժերը կչափի Լեհաստանի հավաքականի հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը հիշել է 2007 թ. մարտին «Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում Լեհաստանի Կիելցե քաղաքում տեղի ունեցած հանդիպումը, որտեղ մեր ընտրանին հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջեց դաշտի տերերին: Այդ խաղում առողջական խնդիրների պատճառով բացակայում էր թիմի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը, որին փոխարինում էին Վարդան Մինասյանը և Արմեն Գյուլբուդաղյանցը:
«2007-ի գարունն էր... Մենք Լեհաստանում էինք և պատրաստվում էինք լեհերի հետ արտագնա խաղին։ Բայց, ցավոք, այդ օրը հիվանդության պատճառով մեզ հետ չէր թիմի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը...
Այդ օրն առաջին և վերջին անգամ ես և թիմի բոլոր խաղացողները հավաքականի մարզչից անհատական նամակներ ստացանք, որտեղ յուրաքանչյուրս իր դիրքի, խաղային և բնավորության որակների համաձայն ուղերձ էր ուղղված։ Այդ մի քանի տողը ոգևորիչ էին և հուսադրող, որ չկան չլուծվող խնդիրներ, որ չկան չպարտվող հակառակորդներ, միայն պետք է հավատալ և նվիրվել...
Չնայած մենք 1-0 հաշվով պարտվեցինք այդ խաղում բայց կարողացանք հասկանալ մի պարզ բան, որ մենք կարող ենք հաղթել։ Հետո այդ հաղթանակները եկան: Տարին փառահեղ ստացվեց:
Եվ այսօր նորից մեր հավաքականը Լեհաստանում է՝ ամբողջովին այլ կարգավիճակում և կազմով։ Բայց անկախ այն բարդ դրությունից, որում հայտնվել է մեր ընտրանին, ուզում եմ հավատալ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով կմտնի խաղադաշտ, ով կլինի պահեստայինների նստարանին, կարող է ինչ-որ բան փոխել, կարող է անկախ թիմի տակտիկայից, իր որակներից, դաշտի թաց ու չոր լինելուց, գնդակի կլորությունից փոխել ամեն ինչ դեպի լավը...
Ուշադիր, զգոն, նվիրված, անձնուրաց պայքար մղեք ամեն մի մետրի համար, մի վախեցեք սխալվելուց, մի վախեցեք պատասխանատվությունից, մի վախեցեք հաղթել: Հաղթանակ եմ մաղթում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաչաջյանը:
Հավելենք, որ նույն տարվա հունիսին Հայաստանի հավաքականը լեհերին ընդունեց «Հանրապետական» մարզադաշտում և հաղթեց 1:0 հաշվով: Հանդիպման միակ գոլը հեղինակեց Համլետ Մխիթարյանը: