«Մեծացել է պարտքի սպասարկման ճնշումը պետական բյուջեի ծախսերի վրա». Արշալույս Մարգարյան
Հայաստանը շարունակում է մնալ ցածր պարտքային բեռ ունեցող երկրներից մեկը,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը՝ հավելելով, որ չի ընդունում այն հայտարարությունը, թե արտաքին պարտքի բեռը հասել է վտանգավորության աստիճանի:
Ըստ Արշալույս Մարգարյանի՝ պարտքի դինամիկան այսօր էապես չի տարբերվում մինչճգնաժամային դինամիկայից:
«Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մնացել է կառավարելի շրջանակներում»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ 2009 թվականին Հայաստանում պետք է արձանագրվեր 9,2 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով աճի փոխարեն մեր երկրի տնտեսությունը գրանցեց 14,4 տոկոս անկում: Այդ ժամանակ էլ, ըստ նրա, ունեցանք պարտքի կտրուկ ավելացում, սակայն պարտքը կառավարելի է:
«Բայց ասել, որ դա շատ լավ է և խնդիրներ չունենք՝ ճիշտ չէ: Հատկապես մտահոգիչ է այն, որ մեծացել է պարտքի սպասարկման ճնշումը պետական բյուջեի ծախսերի վրա: Եթե պետական բյուջեի ծախսերի մեջ 1,5-2,5 տոկոսն էինք ուղղում պարտքի տոկոսավճարներին, ապա այսօր դա կազմում է 8,5-8,7 տոկոս, ինչը մտահոգիչ է»,- ասաց Արշալույս Մարգարյանը:
Միաժամանակ նա նշեց, որ պետական պարտքի աճի տեմպում «ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում»:
«Պարտքն աճում է այնքան, ինչքան մեր երկրի կուտակային դեֆիցիտներն են»,- ասաց նա՝ հավելելով, որ պարտքի ծավալների աճի մեծ մասը տեղի է ունենում ներքին աղբյուրների հաշվին:
Արշալույս Մարգարյանը նշեց նաև, որ 2016 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 5.6 միլիարդ ԱՄՆ դոլար, որից Կառավարության պարտքը` 5.1 միլիարդ դոլար, իսկ Կենտրոնական բանկի պարտքը` 0,5 միլիարդ դոլար:
Նա պարտքի ռիսկի գնահատման առումով կարևոր համարեց տոսկոսադրույքը: Նրա խոսքերով՝ ՀՀ պետական պարտքում այժմ լողացող տոկոսադրույքով պարտքը մոտավորապես 17.5-18 տոկոս է կազմում ամբողջ արտաքին պարտքի մեջ և այն խիստ կառավարելի է:
«Դրանք հիմնականում խոշոր դոնորներից ստացված վարկերն են, որոնց վարկային պայմանագրերում հստակ ձևակերպված է՝ երկիրը, որը հանդիսանում է վարկառու, կարող է ընթացքում ֆիքսել տոկոսադրույքը: Լողացող դինամիկայի ոչ բարենպաստ միտման դեպքում մենք կարող ենք դիմել և այդ պահից ֆիքսել տոկոսադրույքը»,-ասաց Արշալույս Մարգարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր