Մարտական դիրքերում հերթապահության ժամանակ ժամկետային զինծառայող է սպանվել
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության դեպքի առթիվ։ Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Նախնական տվյալներով, հոկտեմբերի 15-ին ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ արձակվել են կրակոցներ՝ վերջինիս պատճառելով մահացու հրազենային վիրավորումներ:
Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), կատարվում է նախաքննություն:
ՔԿ-ից հայտնում են, որ կատարվել են դեպքի վայրի, դիակի արտաքին զննություններ, վերցվել են նմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել փորձաքննություններ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում հայտնաբերվել է հրազենը, որով զինծառայողի ուղղությամբ արձակվել են կրակոցները և թե ում է եղել այն ամրակցված։