«Մենք ընդունում ենք այս նախագիծը, քանի որ ինչ-որ վարկային համաձայնագրով մեզ պիտի փո՞ղ տան». ընդերքօգտագործման իրավունք
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողն է ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը:
Ներկայացնելով նախագիծը՝ փոխնախարարն ասաց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս գործող «Ընդերքի մասին» օրենսգրքով բոլոր տեսակի օգտակար հանածոների համար գործում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման միևնույն ընթացակարգը:
Ըստ նրա՝ ընդերքօգտագործման իրավունքը տրվում է առաջնահերթության սկզբունքի հիման վրա՝ բավարարելով առաջին դիմումատուի դիմումը, բացի այդ, օրենսգրքով տարբերակված չեն ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
Մինչդեռ, ըստ Վարդան Գևորգյանի, նոր օրենսգրքով ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքը կտրվի մրցութային կարգով, որը հնարավորություն կտա կազմակերպությանը ընտրելիս հաշվի առնել վերջինիս ընդերքօգտագործման ոլորտում նմանատիպ աշխատանքների փորձը, ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը, նորագույն մեթոդների և տեխնալոգիաների կիրառումը, միջազգային փորձի հաշվառումը, նախատեսվող ներդրումների ծավալը, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը և այլն:
Այսպիսով, մրցույթի հաղթող է ճանաչվելու մրցույթի չափանիշներին համապատասխանող այն մասնակիցը, որն ապահովում է նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառում, աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանություն, բնակչության առողջության անվտանգության և տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումներ, մրցույթի մասնակիցների որակավորում, ֆինանսական և տեխնիկական կարողություններ:
Վարդան Գևորգյանը նաև հայտնեց, որ եթե շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը բացասական է, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժելու է մրցույթում հաղթող ճանաչված անձին:
Նշենք, որ օրենքի նախագիծը մշակվել է «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված ֆինանսական վարկի երկրորդ և երրորդ մասնաբաժինների տրամադրման համար անհրաժեշտ նախապայման հանդիսացող` 9.2 կետով սահմանված միջոցառման կիրարկումն ապահովելու նպատակով:
Վերջինիս հարցեր ուղղեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Նախագծի բնապահպանական բնագավառում գնահատման եզրակացության մեջ ասվում է, որ օրենքի ընդունումը շրջակա միջավայրի օբյեկտների, մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի բուսական ու կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա կարող են առաջացնել բացասական հետևանքներ: Եւ հակառակը՝ չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետևանքներ չեն ունենա: Այսինքն՝ բնապահպանության ոլորտում լիազոր մարմինը տվել է բացասական եզրակացություն, իսկ մյուս եզրակացությունները սրա հետ կապված չեզոք են, այսինքն՝ որևէ դրական գնահատական չկա: Հիմնավորումների մեջ էլ ասվում է, որ օրենքի ընդունումը պայմանավորված է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից »,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ բնապահպանների եզրակացությամբ՝ այս նախագիծը բացասական ազդեցություն է ունենալու շրջակա միջավայրի վրա: «Մենք ընդունում ենք այս նախագիծը, քանի որ ինչ-որ վարկային համաձայնագրով մեզ պիտի փո՞ղ տան, սա ի՞նչ տրամաբանություն է»,- հարցրեց պատգամավորը:
Փոխնախարարը պատասխանեց, որ Բնապահպանության նախարարության եզրակացության մեջ երկու դեպք է նշվում:
«Ասում է՝ եթե ընդունվի այս տարբերակով, մենք դեմ ենք: Եթե ընդունվի այն տարբերակով, որը մենք առաջարկել ենք, նրանք չեն առարկում»,- ասաց Վարդան Գևորգյանը:
Ինչ վերաբերում է վարկային համաձայնագրին, ապա փոխնախարարն ասաց.«Այո, սա վարկային համաձայնագրի նախապայմանն է, վարկային համաձայնագիրը հաստատվել է ԱԺ-ում, քննարկվել և հավանության արժանացել»:
Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ ինքը հղում էր կատարում նախարարության ներկայացրած փաթեթին, որտեղ տարբերակներ նշված չեն:
«Հիմա ի՞նչ իմանանք առաջին նախագիծն եք բերել, թե՞ երկրորդը: Եթե ունենայինք առաջին նախագիծը, որին կցված կլիներ երկրորդ եզրակացությունը, հետո կհանեինք երկրորդ եզրակացությունը, կստանայինք առաջին նախագիծը: Ի՞նչ իմանանք բերել եք առաջինը, երկրորդը, թե՞ վեցերորդը»,- նշեց նա:
«Ընդունում եմ, պարոն Փաշինյան, երևի ինչ-որ խնդիր կա, բայց ասում եմ այն, ինչ քննարկումների արդյունքում տեղի է ունեցել»,- արձագանքեց Վարդան Գևորգյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան