Վաղվանից սկսած արդեն օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում. Զարուհի Պետրոսյան
Այսօր մինչև օրվա վերջ տեղումները հանրապետությունում կդադարեն, հոկտեմբերի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
«Վերջին մի քանի օրերի տեղումները որոշակի անհանգստություն են առաջացրել հանրության մեջ: Այսօրվա դրությամբ միջին ամսական ջերմաստիճանը նորմայի սահմաններում է` բացասական շեղումով, մոտ 0,5 աստիճանով նորմայից ցածր է: Տեղումների քանակը՝ չնայած այս մի քանի օրերին, նորմայից պակաս է գրանցվել: Ամենաարտառոց բանը, որ այս օրերի համար կարելի է ասել, երեկ Սյունիքի Ագարակում տեղացած ձյունն է»,-նշեց մասնագետը:
Նրա խոսքով՝ այս ձյունառատ օրերը պայմանավորված էին հյուսիսային հոսանքներով և մեզ մոտ հյուսիս-արևմուտքից և հյուսիս-արևելքից թափանցում էին երկկողմանի ցուրտ օդ, դրա համար հիմնականում նույնիսկ նախալեռնային շրջաններում՝ մինչև Աբովյան, տեղումները եղան ձյան տեսքով. «Հաջորդ պրոցեսը, որը մոտենում է հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսին, պայմանավորված է հարավային օդային հոսանքներով և հանրապետությունում սպասվում է արդեն անձրև, միայն լեռնային շրջաններում կլինի թաց ձյուն»:
Զարուհի Պետրոսյանն տեղեկացրեց, որ այս շաբաթվա համար ամենացածր ջերմաստիճանն այսօր ցերեկվա ջերմաստիճանն է՝ առավելագույնը 5-6 աստիճան, իսկ վաղվանից սկսած արդեն օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում. «Վաղը մայրաքաղաքում, Արարատյան դաշտավայրում, Վայոց Ձորի նախալեռներում կլինի 13 աստիճան, ամսի 28-29-ին 14 աստիճանի կհասնի, ամսի 30-ին կնվազի 1-2 աստիճանով: Լեռնային շրջաններում բացասական ջերմաստիճան սպասվում է առաջիկա երկու օրերին, իսկ առաջիկա գիշերը կգրանցվի 0-ից 5 աստիճան ցուրտ»:
Ինչ վերաբերում է ավտոճանապարհներին, ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ ճիշտ է առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում սակայն գիշերային բացասական ջերմաստիճանը դարձյալ ճանապարհների առանձին հատվածների վրա կարող է մերկասառույց առաջացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր