Հնագետները Սև ծովի հատակին հայտնաբերել են տարբեր դարաշրջանների 41 նավ
Ստորջրյա հնագետների միջազգային խումբը Սև ծովի հատակին հայտնաբերել է 41 նավ, որոնք խորտակվել են վերջին հազարամյակի ընթացքում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, National Geographic ամսագիրը հաղորդել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Բուլղարիայի հետազոտողները ուսումնասիրել են, թե ինչպես է ծովի մակարդակի կտրուկ բարձրացումը մոտավորապես 12 հազար տարի առաջ ազդել մերձսևծովյան ժողովուրդների կյանքի վրա: Հետազոտության ընթացքում նրանք հայտնաբերել են 41 նավաբեկության վայր:
Գիտնականների հավաքած ինֆորմացիան հնարավորություն է տվել ստանալ կործանված նավերի բացառիկ հստակ պատկերները, դրանք շատ լավ են պահպանվել 150-2200 մետր խորության վրա:
Նավերից ամենահինը 9-րդ դարի է, երբ այդ տարածաշրջանի մեծ մասը գտնվում էր Բյուզանդական կայսրության տիրապետության տակ: Բացի այդ, հայտնաբերվել են Օսմանյան կայսրության շատ նավեր, ինչպես նաև 19-րդ դարի նավեր:
Հատուկ ուշադրության են արժանացել 14-րդ դարին առնչվող իտալական նավի բեկորները: Նավերի մեծամասնությունը առևտրական են, տեղափոխել են գինի, հացահատիկ, մետաղներ և անտառանյութ: Դրանք կործանվել են փոթորիկների հետևանքով, այլ ոչ թե ռազմական գործողությունների կամ ծովահենների հարձակումների: