Առաջիկա տարիներին հնարավոր է Ախալքալաքում բացվի «Թումո»
Սամցխե-Ջավախքում՝ կոնկրետ Ախալքալաքում, նախատեսվում է մինչև 2020 թվականը բացել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների» միության հետ ծրագրել են մինչև 2020 թվականը տարբեր շրջաններում, նաև գյուղերում, բացել առնվազն 20 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ: Ա.Հակոբյանի խոսքով՝ իրենք կարևորում են Ջավախքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, այդ ուղղությամբ ձեռնարկում են քայլեր:
«Գենետիկորեն այնպես է ստացվել, որ ջավախահայերի մաթեմատիկական, վերլուծական կարողությունները շատ զարգացած են: Նման կենտրոնների ստեղծումը հնարավորություն կստեղծի երեխաների համար դեռևս դպրոցական տարիքից զարգացնել իրենց կարողությունները: Այդպես նրանք չեն էլ մտածի խոպան գնալու մասին, այլ մի քանի ընկերով կստեղծեն մի ընկերություն ու պատվերներ կստանան տարբեր երկրներից»,- ասաց նա:
Ա. Հակոբյանը նաև նշեց, որ իրենք Հայաստանում Ֆրանսիական համալասրանի հետ ստորագրել են հուշագիր՝ Ախալքալաքում վերապատրաստման դասընթացներ սկսելու համար:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրենի տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում իրենք Կարծախ գյուղում բացել են Ջիվանու տուն-թանգարանը:
«Սովետական շրջանում բացվել էր Վահան Տերյան տուն-թանգարանը: Ջավախքում որպես մշակութային կառույց, միայն դա էր գործում: Անկախությունից հետո այս տարի առաջին անգամ բացվեց նոր տուն-թանգարան՝ Ջիվանու: Մասնագետների, փորձագետների գնահատմամբ՝ այն չի զիջում Հայաստանում գործող շատ թանգարաններին»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Կարծախը բավականին աղքատ գյուղ է, թանգարանի բացումը հնարավորություն կտա զարգացնել այդ ուղղությամբ զբոսաշրջությունը. «Գյուղը գտվում է Վրաստան-Թուրքիա սահմանի մոտ: Մենք տուրիստական գործակալությունների հետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերում, որ Արևմտյան Հայաստան տուրեր կազմակերպելիս գնալուց կամ վերադառնալուց անպայման այցելեն Կարծախով:
Ա.Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ իրենք այլ տարբեր ծրագրեր են իրականացնում Ջավախքում՝ կազմակերպում են փառատոներ, ցուցահանդեսներ: Բացի այդ, նա ասաց, որ իրենց գործունեության երկու տարվա ընթացքում 320 ընտանիքի միանվագ դրամական պարգևավճարներ են հանձնել: