Սերիալներն եթերից դուրս եկան, Հ1-ն իր վարկանիշը կորցրեց. Ստեփան Զաքարյան
Երեք-չորս տարի առաջ մեծ պայքար սկսվեց սերիալների դեմ: Երեք տարի առաջ բոլոր սերիալները, որոնք տևում էին 1-2 տարի առաջ, եթերից դուրս եկան, և Հ1-ն իր վարկանիշը կորցրեց,- ԱԺ-ում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը:
Նա նշեց, որ եթե դատում են վարկանշային տեսանկյունից՝ հասարակական պահանջարկն այդ սերիալներն են: Ս.Զաքարյանի խոսքով՝ խորհրդային ժամանակ մեկ հեռուստատեսություն կար, ինչ ցույց էին տալիս, պարտադրված նայում էին, նաև դաստիարակչական առումով ուներ մեծ դեր:
«Այսօր 18 ալիք կա, այսինքն եթե ցույց տանք ամենալավը, այն մարդը, ով սովոր է նայել սերիալ, նայելու է սերիալը: Հանրային հեռուստաընկերությունը, ըստ օրենքի, պարտավոր է բավարարել բոլոր խավերի պահանջերը: Բարդ գործընթաց է, իսկապես վիճելի: Պարտավոր է նաև դաստիարակչական դեր կատարել, բայց զոռով մարդուն չես ստիպի, որ նայի այդ հաղորդումը: Դժվար է ստեղծել և որակով արտադրանք, և նայվող: Հիմա մենք դա ենք փորձում անել»,- նշեց նա:
2017 թվականի պետական բյուջեի նախագծով հեռուստառադիոհաղորդումների գծով նախատեսված են 7,125.0 մլն դրամ հատկացումներ՝ 2016 թ. 7,126.0 մլն դրամի դիմաց:
Պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ռադիոյի համար միշտ 1 միլիարդ դրամից պակաս է հատկացվում, ինչը բավարար չէ, «տանջվում են այդ բյուջեով»: